Վարդգես Գասպարին՝ ընդդեմ Արմեն Թավադյանի դատական նիստը հետաձգվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Վարդգես Գասպարին՝ ընդդեմ Արմեն Թավադյանի գործով 4-րդ դատական նիստը:
Արմեն Թավադյանն այժմ կալանավորված է մեկ այլ քրեական գործով: Դատարանի դահլիճում Թավադյանին նրա աջակիցները դիմավորեցին «հերոս», «Ձեզ կարոտել էինք» վանկարկումներով ու ծափերով: Վ. Գասպարիին դուր չեկավ երևույթը, անգամ հայտարարություն արեց՝ խնդրելով, որ նման վանկարկումներ ու ծափեր չլինեն:
Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, քանի որ քրեական գործով փաստաթղթերի մի մասը ռուսերեն թարգմանված չէր, իսկ Արմեն Թավադյանը, օրենքով և իրավունքի գերակայությամբ, պետք է գործին ծանոթանար իր նախընտրած լեզվով, որն այս դեպքում ռուսերենն է:
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 4-ին:
Հիշեցնենք, որ «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին այս գործով մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, այն է՝ խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի մայիսի 13-ին Երևան քաղաքի Գյուլբենկյան 20 հասցեում գտնվող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի վարչական շենքի առաջին հարկում դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ դիտավորությամբ և կոպտորեն հասարակական կարգը խախտելու համար: