Բաժիններ՝

Հայաստանում հսկողության տակ պահվող չինացու մոտ թոքաբորբ չի հայտնաբերվել

Հայաստանում բժիշկների հսկողության տակ պահվող չինացու մոտ ռենտգեն հետազոտության արդյունքում թոքաբորբ չի հայտնաբերվել: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հայաստանում բժիշկները հսկողության տակ են պահում երկու չինացու. նրանցից մեկն ունի 37 աստիճան ջերմություն, մյուսը ջերմություն չունի: Նրանց թույլ չեն տվել Հայաստանից գնալիս հատել Վրաստանի սահմանը։ Նրանք այժմ գտնվում են առանձին բոքս-մեկուսարաններում: Թեև հետազոտության արդյունքում 37 աստիճան ջերմություն ունեցող չինացու մոտ թոքաբորբ չի հայտնաբերվել, սակայն նրանք դեռ կշարունակեն մնալ հսկողության տակ:

Նոր կորոնավիրուսին բնորոշ է կարճ ժամանակում ինֆիլտրատիվ թոքաբորբի առաջացումը:

ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանում ներկայում նոր կորոնավիրուսի ախտորաշման համար չկա լաբորատոր թեստ, սակայն ցանկացած կասկածի, անհրաժեշտության դեպքում նմուշներ կուղարկվեն եվրոպական տարածաշրջանի լաբորատորիաներ: Նա նաև նշել էր, որ եթե ինչ-որ դեպքով լինի թոքաբորբ՝ բնորոշ ինֆիլտրատիվներով, ապա հրատապությունից ելնելով կարող են նմուշը տեղափոխել, բայց անպայման պետք է լինեն կլինիկական ցուցանիշներ. կարճ ժամանակում ինֆիլտրատիվ թոքաբորբի առաջացումը, որը երկու թոքերում ինֆիլրատիվ պատկեր է ցույց տալիս:

ԱՀԿ հրապարակված վերջին տվյալների համաձայն` Չինաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 537 դեպք` 106 մահվան ելքով: Իսկ Չինաստանի առողջապահության հարցերով պետական հանձնաժողովի հաղորդագրության համաձայն` արձանագրվել է շուրջ 5 997 հաստատված դեպք` 132-ը մահվան ելքով: Դեպքեր են գրանցվել նաև 15 այլ երկրներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս