«Մենք այլևս չենք անդրադառնալու Արթուր Վանեցյանի հայտարարություններին». Լիլիթ Մակունց
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի խոսքով՝ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հասարակության համար ճանաչելի գործունեությունը սկսվել է հեղափոխության հետո:
«Արթուր Վանեցյանի հանրային լայն ճանաչումը, որն այժմ նա ունի, դրա համար բացառապես պարտական է հեղափոխությանը և այն թիմին, մասնավորապես՝ ՀՀ վարչապետի վստահությանը, որը նախկինում նա տվել է: Այսօրվա հայտարարությունները, որոնք անում է Արթուր Վանեցյանը, նախ՝ պետք հասկանանք, մենք դրանց վերաբերում ենք որպես ԱԱԾ նախկին պետի հայտարարությունների՞, թե՞ քաղաքական հայտ ներկայացնող Արթուր Վանեցյանի հայտարարությունները: Քաղաքական հայտարությունները, որոնք անում է նա, կարծում եմ՝ բավականին մակերեսային են, ըստ էության նա չունի քաղաքական որևէ կապիտալ: Կարծում եմ՝ այդ հայտարարությունները պարզապես իրականությունից կտրված որոշակի դրսևորումներ ունեն, այստեղ ես քաղաքական կոնկրետ ասելիքի բացակայություն եմ տեսնում, ավելի շատ համացանցում և հասարակության տիրույթում երևալու ցանկություն»,- այսօր խորհրդարանում խմբակցություն ճեպազրույցի ժամանակ ասաց պատգամավորը՝ անդրադառնալով Արթուր Վանեցյանի հայտարարություններին:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի կարծիքով էլ՝ այլևս պետք չէ անդրադառնալ Արթուր Վանեցյանի հայտարարություններին, քանի որ նա հանրային կերպով հայտ չի ներկայացրել:
«Երբ ԱԱԾ պետը կհայտարարի, որ ինքը զբաղվում է քաղաքականությամբ ի լուր ՀՀ բոլոր քաղաքացիների, այդ ժամանակ հստակ կլինի բոլորի դիրքավորումները: Այդ ժամանակ մենք կհասկանանք, թե Արթուր Վանեցյանին ինչպես ենք արձագանքում: Քանի դեռ այդ ամենը տեղի չի ունեցել, մենք այլևս չենք անդրադառնալու նրա հայտարարություններին»,- ընդգծեց Լիլիթ Մակունցը: