«Թույլ չտանք, որ մարդիկ ինչ-ինչ նպատակներով փորձեն վարկաբեկել մեր բանակը». Սերժ Սարգսյան

Հայաստանի հանրապետական կուսակցությունը Սերժ սարգսյանի գլխավորությամբ, քիչ առաջ Եռաբլուրում էր՝ Հայոց բանակի ծննդյան օրը հարգանքի տուրք մատուցելու մեր նահատակ հերոսների շիրիմներին:

Պատասխանելով 168.am-ի հարցին, թե ի՞նչ կասի օրվա խորհրդի հետ կապված, ՀՀ երրորդ նախագահը պատասխանեց, որ նախ ուզում է սրտանց շնորհավորել մեր զինվորներին ու սպաներին, մեր գեներալներին ու զորահրամանատարներին, մեր քաջարի ազատամարտիկներին ու հայկական բանակի վաստակաշատ վետերաններին մեր բանակի կայացման գործում շատ մեծ ավանդ ունեցող և մինչև օրս քեֆ-ուրախությամբ իրենց որդիներին բանակ ճանապարհող ու անհրաժեշտ պահի կամավորության սկզբունքով մեր բանակի շարքերը համալրող մեր ժողովրդի զավակներին:

«Մեր բանակը փառապանծ բանակ է: Մեր բանակը հաղթական բանակ է, և անկախ նրանից, որ այս բանակի ձևավորման հենց առաջին օրերից որոշ մարդիկ, այդ թվում նաև դրսի ուժերի թելադրանքով, փորձել են վարկաբեկել մեր բանակը, փորձել են նսեմացնել մեր հաղթանակները, դա նրանց չի հաջողվել: Չի հաջողվել շատ պարզ պատճառով, որովհետև խոշոր հաշվով մեր բանակը ձախողումներ չի ունեցել, մեր բանակը մարտի դաշտում, այն էլ ոչ մեկ անգամ, ապացուցել է իր ունակությունը՝ պաշտպանելու Հայաստանի, հայ ժողովրդի, այդ թվում նաև Արցախի Հանրապետությունում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը: Այս նվիրական օրը ես մի մաղթանք ունեմ, որ ամուր պահենք մեր հավատը մեր բանակի նկատմամաբ: Սա շատ կարևոր հանգամանք է, և թույլ չտանք, որ մարդիկ ինչ-ինչ նպատակներով փորձեն վարկաբեկել մեր բանակը: Սա անթույլատրելի է, և ես վստահ եմ, որ նաև ձեր օգնությամբ, ձեր օժանդակությամբ մեր բանակը լինելու է միշտ վստահելի, մեր բանակի հաջողությունները միշտ տեսանելի են լինելու մեր ժողովրդին: Շատ-շատ շնորհակալ եմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանը:

Վերջինս չպատասխանեց այն հարցին, թե ինչ արձագանք ունի ինքը իր կողմից  7 շրջանների հանձնման վարչապետի կողմից հնչած հայտարարության վերաբերյալ՝ ասելով.«Այսինքն՝ դուք այդքան համառորեն ուզում եք, որպեսզի ես այս լուսավոր օրը անդրադառնամ ինչ-որ հերյուրանքների՞…»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս