«Տասնյակ մեր հրամանատարներ ենթարկվում են ճնշումների, հալածանքների». Աղվան Վարդանյան
Քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանը հայտարարել է, որ տասնյակ հրամանատարներ ենթարկվում են ճնշումների՝ բանակի հետ մեծամասամբ առնչություն չունեցող թիմի կողմից։
Այդ մասին նա խոսել է Եռաբլուրում, ուր այցելել էին հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար զոհված հայորդիների հիշատակին։
Ինչպես նշեց Ա. Վարդանյանը՝ կցանկանար, որ Հայոց բանակի կազմավորման օրն ավելի տոնական լիներ։
«Փոքր բան է թվում, բայց երկու-հինգ տարի առաջ, ավելի առաջ մայրաքաղաք Երևանում, հանրապետությունում հազարավոր գովազդային վահանակներ կան։ Ամեն անգամ այդ վահանակների վրա բանակի օրը խորհրդանշող պատկերներ էին, մթնոլորտ էր։ Նայում եմ մի քանի օր է՝ չկա, վերացել, է ընդհանրապես։
Պաստառների վրա ձեռագիր ինչ-որ անիմաստ տեքստեր են»,- ասաց Աղվան Վարդանյանն՝ ընդգծելով, որ սա է պակասում, իր խոսքով՝ հավատարմությունը զոհերի հիշատակի առաջ և նրանց փառաբանումն ամեն օր։
Նրա խոսքով՝ պակասում է ոգին, վերաբերմունքն է պակասում.« Բանակի, զինվորականության, հրամանատարության, բանակի ստեղծման, մեր խաղաղ կյանքի ապահովող վերաբերմունքն է պակասում։ Սա է մեր այսօրվա իրականությունը, Ժամանակավոր, բայց սա է»։
Նրա խոսքով՝ չի բավարարում զինված ուժերի նկատմամբ վերաբերմունքը և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հանդեպ վերաբերմունքը։
«Նայեք՝ տասնյակ մեր հրամանատարներ ճնշումների տակ են, հալածանքների տակ են ։ Եվ դա անում է մի թիմ, որի առնվազն 50 %-ը բանակի հետ որևէ առնչություն չի ունեցել»,- նշեց Վարդանյանը։