«Մադրիդյան սկզբունքները Սերժ Սարգսյանի ժառանգությունը չեն. Փաշինյանը ևս բանակցում է Մադրիդյան սկզբունքների բազայի հիման վրա». Տարասով
«Փաշինյանը ևս բանակցում է Մադրիդյան սկզբունքների բազայի հիման վրա, եթե դեմ է, ուրեմն պետք է մերժի այն, դուրս գա բանակցային այդ գործընթացից»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս Կապանում տեղի ունեցած ասուլիսում հնչեցրած Ղարաբաղյան թեզերին:
Ստանիսլավ Տարասովն ասաց, որ Մնացականյանն ու Մամեդյարովը «նարդի են խաղում, խմում հայկական կոնյակ, ժամանակ առ ժամանակ էլ՝ ադրբեջանական թեյ՝ երեք-չորս ժամ»:
«Լուրջ օրակարգ, փաստորեն, ՀՀ վարչապետն ասում է, որ չկա: Նա ասաց, որ իրեն ժառանգություն է մնացել ինչ-որ սուպեր փաստաթուղթ, որին հղում կատարեց, որը պարզվում է՝ ոչ այնքան փաստաթուղթ է, որքան Մադրիդյան սկզբունքները: Այս իրավիճակում կողմերի հանդիպումները շարունակվում են, անհասկանալի է, թե ի՞նչ է կատարվում, քանի որ չկա հստակ օրակարգ, տակտիկա, անհասկանալի է ընդհանրապես, թե ինչի շուրջ են ցանկանում պայմանավորվել: Սերժ Սարգսյանի օրոք տակտիկան գոնե ինչ-որ տեղ հասկանալի էր, նա երկարաձգում էր իրավիճակը, խաղում էր ժամանակի վրա, հույսեր էր կապում պատահական գործոնների, աշխարհաքաղաքական զարգացումների հետ, իսկ հեղափոխական, դեմոկրատ Փաշինյանը, որը պետք է աշխատեր ավելի բաց՝ ավելի փակ, ավելի անհասկանալի է գործում»,- ասաց Տարասովը:
Ռուս փորձագետի խոսքով՝ շատ տարօրինակ է նաև ՀՀ վարչապետի այն հայտարարությունը, թե նա չի հրաժարվում իր նախկին թեզերից ապրիլյան պատերազմում Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ:
Ըստ Տարասովի՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Մոսկվան մասնակից է, բայց որտեղի՞ց նրան նման պնդումներ անելու հիմք, նա հղում է կատարում ինչ-որ հանդիպումներում նման քննարկումներին:
«Լրագրողը, վերլուծաբանը կարող է բլեֆների լեզվով խոսել, խաղալ փաստերի հետ, բայց վարչապետը, երկրի ղեկավարը նման անպատասխանատու հայտարարություններ չի կարող անել Ռուսաստանի հասցեին, սեփական ռազմավարական դաշնակցի, ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում գործընկերոջ հասցեին: Նա իրավունք չունի նման հայտարարություններ անել, նա պետք է ապացուցի այդ պնդումը, եթե ցանկանում է, որ իրեն ընկալեն՝ որպես լուրջ քաղաքական գործիչ: Սա լրագրություն չէ, և ամեն բան չէ, որ կարելի է ասել»,- ասաց Տարասովը:
Նրա խոսքով՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ՀՀ իշխանությունների հայտարարությունները, մարտավարությունն անհասկանալի են: «Այս լեզուն մենք չենք կարողանում հասկանալ, և դա որևէ մեկը չի կարողանում բացատրել»,- ասաց Տարասովը:
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Մոսկվան ինչ-որ կերպ մասնակից է եղել ապրիլյան պատերազմին, որևէ արձագանքի չի արժանանա Մոսկվայի կողմից, քանի որ, Տարասովի պնդմամբ, դա հիմարություն է: Նրա որակմամբ՝ Մոսկվան փրկել է Ղարաբաղը, Մոսկվան մի քանի ժամ անց բոլոր մակարդակներով քայլեր է ձեռնարկել և կարողացել է 3-4 օր անց կասեցնել պատերազմը:
«Նա ասաց, որ Մոսկվան Բաքվի կողմնակիցն է եղել, Մադրիդյան սկզբունքների կողմնակիցն է, նշեց նաև, որ Մադրիդյան սկզբունքները Սարգսյանի ժառանգությունն են, ինչն այդպես չէ: Դրանք բանակցային սեղանին են, հակամարտող և միջնորդ բոլոր երկրներում, Սարգսյանն այս փաստաթղթերում որևէ նորամուծություն չի կատարել, Մադրիդյան սկզբունքների հիմքի վրա կողմերը պայմանավորվել են բանակցություներ վարել: Ավելին՝ Փաշինյանը ևս բանակցում է այդ բազայի հիման վրա, եթե դեմ է, ուրեմն պետք է մերժի այն, դուրս գա բանակցային այդ գործընթացից: Ինձ համար անհասկանալի են այդ հայտարարությունները»,- ասաց ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը: