«Ե՛վ գործադիրը, և՛ օրենսդիրը քայլեր կձեռնարկեն, որ ՍԴ ճգնաժամին լուծում տան». ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Եռաբլուր» պանթեոնում հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը մոտ է:
«Կհանգուցալուծվի շուտով»,- լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ հայտարարեց, թե գործադիրն ու օրենսդիրը համատեղ քայլեր են ձեռնարկելու բարձր դատարանի շուրջ եղած «ճգնաժամը լուծելու համար»:
«Լուծման մասին երեկ վարչապետն ընդհանուր առմամբ խոսել է, և կարծում եմ՝ քայլեր կձեռնարկեն և՛ գործադիրը, և՛ օրենսդիրը համատեղ, որպեսզի այս ճգնաժամին լուծում տան»,- ասաց Արմեն Գրիգորյանը:
Անդրադառնալով լուծմանն ուղղված քայլերին՝ ԱԽ քարտուղարը նշեց, որ քայլեր արդեն եղել են, ինչի օրինակը ՍԴ դատավորին վաղ կենսաթոշակի ուղարկելն է եղել:
«Իրավիճակին լուծում տալու ցանկացած քայլի մասին տեղյակ կպահեն, քննարկումներն ընթանում են: Գիտեք, որ քայլերն արդեն եղել են, նույն վաղ թոշակի մասին օրենքը և նաև Ազգային ժողովի ձեռնարկած քայլերը: Բոլորը նպատակ ունեին հենց ճգնաժամը լուծելու համար: Բայց քանի դեռ լուծում չի ստացել, շարունակելու ենք քայլեր ձեռնարկել»,- ասաց ԱԽ քարտուղարը՝ հավելելով, որ առաջիկայում նախատեսվող սահմանադրական փոփոխությունները կարող են հենց լուծման մի ճանապարհը լինել: