Բաժիններ՝

Արցախում մեծ շուքով նշվում է Զինված Ուժերի կազմավորման տոնը

Այսօր՝ հունվարի 28-ին, ԱՀ բարձրաստիճան մի խումբ այրեր հայոց բանակի ստեղծման և հայրենյաց պաշտպանի տոնի առթիվ այցելել են Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և իրենց հարգանքի տուրքը մատուցել Երկրորդ աշխարհամարտում զոհվածների, արցախյան պատերազմում նահատակների և անհայտ կորած ազատամարտիկների հուշաքարերին:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պետական այլ այրեր, մի խումբ զինծառայողներ, ազատամարտիկներ ծաղկեպսակ և ծաղիկներ են տեղադրել զոհվածների հիշատակին: Իր հարգանքի տուրքը տալուց հետո Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրուցյում շնորհավորել է համայն հայության տոն օրը:

Նրա խոսքով՝ հայոց պետականություն ստեղծելու գործում ամենակարևոր քայլը բանակ ստեղծելն էր, որը կասեցրեց ցեղասպան ադրբեջանցիների շարժը:

«Հայոց բանակը մեր խաղաղության և անվտանգության ամենակարևոր երաշխիքն է: Թող Աստված օրհնի հայոց զինված ուժերին, որպեսզի նրանք կարող լինեն մեր ժողովրդի կամքը կյանքի կոչել և բոլոր խնդիրներին լուծում տալ: Վստահ եմ, որ մեր բանակը, անկասկած, և՛ պատրաստ է, և՛ մարտունակ»,-նշել է Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն էլ ասել է, որ անկախության տարիների ամենակարևոր և շոշափելի ձեռքբերումներից է հայոց բանակի ստեղծումը, և ցանկացած պետականություն կենսունակ է հենց նրանով, որ կարողանում է ինքն իրեն պաշտպանել:

Նա մասնավորապես ավելացրել է. «Մեր բանակի ստեղծումն ամեն մի հայի համար հպարտության և ձեռքբերումների առումով անգնահատելի է:

ԱՀ-ում այդ տոնը կապելը հայրենյաց պաշտպանի օրվա հետ բնական է, որովհետև ամեն մի արցախցու համար հայրենիքի պաշտպանությունը ամենավեհ և կարևոր առաքելություններից մեկն է»:

ԱՀ պաշտպանության բանակի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Ստեփան Գևորգյանի խոսքով՝ հայկական բանակի կազմավորման օրվա խորհուրդը մեծ է յուրաքանչյուր քաղաքացու համար, որովհետև հենց 1992 թվականի հունվարի 28-ին է իրականացել հայ ժողովրդի երազանքը:

«Բանակն ապավոհում և երաշխավորում է երկրի անվտանգությունը: Հայոց բանակի շարքերում ծառայող բոլոր զինվորականները պատվով են իրականացնում իրենց խնդիրը: Կարող եմ մեր ժողովրդին հավաստիացնել, որ այլևս երբեք մեր թշնամին չի կարող խաթարել մեր անդորրը, և եթե հարկ լինի, լիարժեք և խիստ պատասխանի կարժանանա հակառակորդը»,- ասել է Ս. Գևորգյանը:

Ազատամարտիկ Հենզել Աբրահամյանն էլ մեզ հետ զրույցում ասել է, որ ինքը շատ ուրախ ու հպարտ է, որ հայոց բանակի ստեղծումն Արցախում մեծ շուքով է նշվում:

Նրա խոսքով՝ հայկական զինված ուժերում ծառայում են խելացի, բանիմաց և մարտունակ հայորդիներ, ովքեր ապահովում են հայ ժողովրդի խաղաղ և անվտանգ առօրյան:

«Մենք՝ որպես ազատամարտիկներ, միշտ պատրաստ ենք կանգնել մեր երիտասարդների թիկունքին և մեր գիտելիքներով ու փորձով օգնել նրանց՝ հակահարված տալու թշնամու ցանկացած ոտնձգության»,- հավելել է ազատամարտիկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս