Գարեգին Նժդեհի հրապարակում քաղաքացիներ են վրաերթի ենթարկվել
Հունվարի 27-ին, ժամը 21:21-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Բագրատ Հ., ծնված 1967 թ.) և «Kia Rio» (վարորդ` Արսեն Ս., ծնված 1987 թ.) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև «Kia Rio» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Մարիամ Ս.-ին (ծնված 1954 թ.) և Անուշ Զ.-ին (ծնված 1984 թ.):
Փրկարարները Մարիամ Ս.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:
ՃՏՊ-ի հետևանքով տուժել են նաև «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Սիրան Ղ.-ն (ծնված 1977 թ.) և «Kia Rio» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Լիաննա Գ.-ն (ծնված 1987 թ.): Վերջիններիս շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել: