Սպանդանոցներում պետք է համապատասխան պայմաններ լինեն, մսագործները՝ բժշկական զննություն անցած. Սննդի հիգիենայի մասնագետ

Բժիշկ, սննդի հիգիենայի մասնագետ Ջեյմս Ստեփանյանը  վստահ է՝ սպանդանոցներում մորթ իրականացնելու որոշումը շատ ճիշտ է, ավելին, այն պետք է տարիներ առաջ  ընդունած լինեին: Սակայն այստեղ կա  խնդիր՝ ստեղծված չեն համապատասխան պայմանները:

«Մորթը պետք է սպանդանոցներում լինի, անգամ մատաղի մորթը չի թույլատրվում բակերում կատարել, որովհետև արյունը տարածվում է ու ինֆեկցիայի հիմք հանդիսանում: Հայաստանում սպանդանոցների թիվը պետք է կտրուկ ավելանա՝ հասնելով գոնե 100-ի: Ճանապարհները պետք է բարեկարգ լինեն, որպեսզի անասունները չենթարկվեն երկրորդային սթրեսի: Սպանդանոցը պետք է սալիկապատված լինի, որպեսզի օրվա վերջում կարողանան լվանալ հոսող ջրով: Սպանդանոցները պետք է ունենան իրենց ավտոմեքենաները, և գյուղացին պարտավոր է նախօրոք զանգել, իսկ մեքենան պետք է  գնա բոլոր զանգերի հետքերով, հավաքի անասուններին: Երբ մորթը կատարվում է, դրանից հետո անմիջապես գյուղացուն պետք է վճարեն: Ի դեպ, մորթից հետո միսը պետք է պարտադիր հովանա  և 1-2 ժամ դրվի սառցախցիկների մեջ, այսինքն, պետք է մի քանի մեծ սառնարան կամ սառցախցիկ լինի սպանդանոցում: Մորթած միսը հովացումից հետո անմիջապես պետք է հասնի սպառողին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ մանրամասնեց սննդի հիգիենայի մասնագետը:

Ջեյմս Ստեփանյանն ընդգծեց՝ եթե սուպերմարկետներն ունեն իրենց սեփական մեքենաները, որոնք ներսից թիթեղապատված են, կարող են սպանդանոցից միսը վերցնել և տանել  վաճառելու, եթե չունեն՝ սպանդանոցի մեքենաներով պետք է տեղափոխեն միսը խանութներ:

«Ենթամթերքները՝ փայծաղ, լյարդ, սիրտ, ուղեղ, գյուղացին կարող է տանել իր տան համար, կամ՝ ոչ: Համաձայնության պետք է գան: Տոտիկները կարող են տեղում մշակել և վաճառել: Կաշվի համար կա վերամշակման արտադրամաս: Պճեղները, կոտոշները, թափելու փոխարեն՝  պետք է հանձնվեն  Չարբախում գտնվող արտադրամաս, որտեղ պատրաստում են հուշանվերներ»,- պարզաբանեց սննդի հիգիենայի մասնագետը:

Անդրադառնալով խոսակցություններին, որ կարող են շարժական սպանդանոցներ լինել՝ Ջեյմս Ստեփանյանը նկատեց. «40 տարվա բժիշկ եմ, չեմ պատկերացնում, որ նման շարժական սպանդանոցներ լինեն: Մորթը պետք է իրականացվի սպանդանոցներում, այն իրականացնողները՝ ղասաբները, պետք է մասնագետ լինեն, պարտադիր բժշկական զննություն անցնեն: Մսագործները պետք է աշխատեն պոլիէթիլենային արտահագուստներով, ռետինե կոշիկներ կրեն: Սպանդանոցներում միանշանակ պետք է անասնաբույժ լինի, որը լաբորատոր ստուգում է կատարելու՝ նայելով լյարդը, փայծաղը և ծամիչ մկանները, որպեսզի պայքարի սիբիրյան խոցի, մաստիտների, բրուցելյոզի դեմ»:

Տեսանյութեր

Լրահոս