Բաժիններ՝

Իրանում հայտարարել են, որ Թեհրանը կարող է դուրս գալ միջուկային գործարքից

Թեհրանը պատրաստ է դիմել վճռական միջոցների, ներառյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) դուրս գալն այն դեպքում, եթե Եվրոպան Իրանի կողմից միջուկային գործարքի պայմանների խախտման վերաբերյալ գործն ուղարկի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Այդ մասին հունվարի 22-ին հայտարարել է Իրանի նախագահի վարչակազմի ղեկավար Մահմուդ Վայեզին։

«Եթե դա (իրանական գործի ուղարկումը ՄԱԿ-ի ԱԽ) տեղի ունենա, մենք կդիմենք վճռական միջոցների, որոնցից մեկը կարող է դառնալ ԳՀՀԾ-ից գուրս գալը»,-նրա խոսքը մեջբերել է ISNA գործակալությունը: Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ իր երկիրը դուրս կգա Միջուկային զենքի չտարածման պայմանագրից (ՄԶՉՊ), եթե Եվրոպան ԳՀՀԾ-ի պայմանների խախտման վերաբերյալ գործն ուղարկի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: «Եթե Եվրոպան կատարի իր պարտավորությունները, ապա մենք կվերադառնանք մեր հանձնառությունների իրականացմանը,-ասել է Զարիֆը:-Իսկ եթե նրանք շարունակեն քաղաքական խաղերը, որոնք օրինական հիմքեր չունեն, ապա մենք շատ տարբերակներ ունենք պատասխանելու համար»: Զարիֆն ընդգծել է, որ Թեհրանը մտադիր չէ նոր քայլեր անել ԳՀՀԾ-ի գծով իր պարտավորությունների կրճատման ուղղությամբ:

Հունվարի 20-ին Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հայտարարել է, որ Թեհրանը հանձնառու է մնում միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին եւ չհիմնավորված է համարում «եվրաեռյակի» (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա) պահանջները իրանական կողմին: Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան հունվարի 14-ին հայտարարել են, որ գործարկում են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում վեճերի կարգավորման մեխանիզմը: «Հաշվի առնելով Իրանի գործողությունները՝ մեզ այլ ընտրություն չի մնում, քան պաշտոնապես հայտնել մեր անհանգստությունն այն բանից, որ Իրանը չի կատարում իր հանձնառությունները ԳՀՀԾ-ի շրջանակում, եւ այդ հարցը հանձնել Համատեղ հանձնաժողովին Վեճերի լուծման մեխանիզմի շրջանակում՝ ԳՀՀԾ-ի 36-րդ հոդվածին համապատասխան»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս