Բաժիններ՝

Մեզ մոտ բացառվում է, որ վարորդը կարողանա բալ վաճառել. Վրաստանի փորձագետները՝ բալային համակարգի մասին

Հունվարի 1-ից Հայաստանում գործում է Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) տուգանքների նոր՝ բալային համակարգը։ Յուրաքանչյուր վարորդի այսուհետև տրվում է 9 բալ, խախտումներ թույլ տալու դեպքում՝ 0,5, 1, 2, 3 կամ 4 տուգանային միավորները կհանվեն:

Հայաստանի վարորդների մի մասը լիովին արդարացված է համարում նման համակարգի ներդրումը, մյուսներն էլ կարծում են, որ որոշ կետեր պետք է փոխվեն:

Մինչդեռ հարևան Վրաստանում բալային համակարգը գործում է արդեն 3 տարի:

Համակարգի դրական ու բացասական կողմերին Երևան-Թբիլիսի տեսակապի ընթացքում անդրադարձան նաև տրանսպորտի և ավտոճանապարհների ասոցիացիայի ղեկավար Դավիթ Մեսխիշվիլին, Թբիլիսիի քաղխորհրդի պատգամավոր, Վրաստանի ավտոմոբիլիստների ֆեդերացիայի նախագահ Շալվա Օբգանիձեն, բլոգեր, ավտոփորձագետ Գեորգի Չալաձեն:

Վրաստանում համակարգը գործում է 2017 թվականի հուլիսի 1-ից։ Այնտեղ, ի տարբերություն Հայաստանի՝ տարվա սկզբին վարորդներին 9 բալի փոխարեն՝ տրվում է 100 բալ:

Սահմանված ամենաբարձր՝ 40 բալը հանվում է ոչ սթափ վիճակում վարելու, արագության գերազանցմամբ վթարային իրավիճակ ստեղծելու և «Շտապ օգնության» ու «Հրշեջ-փրկարարական» ծառայության մեքենաների երթևեկությունը խոչընդոտելու համար։

Վարորդները, որոնք վթարային իրավիճակ են ստեղծել կամ խոչընդոտել են երթևեկությունը, չեն ենթարկվել ոստիկանի կողմից տրվող «Կա՛նգ առ» ազդանշանին՝ կորցնում են 35 բալ։

30 բալից զրկվում են մեքենայի կառավարումը ոչ սթափ վիճակում գտնվող անձին փոխանցելու, մեքենան փակ համարանիշով վարելու, չնախատեսված վայրում կանգառ կամ կայանում իրականացնելու, ղեկը 2 և ավելի անգամ անչափահաս կամ վարորդական իրավունք չունեցող անձին հանձնելու դեպքում։

Այն վարորդները, որոնք կխախտեն միջազգային կոնվենցիաներով և համաձայնագրերով սահմանված բեռների տեղափոխման կամ ուղևորների փոխադրման կանոները, կկորցնեն 25 բալ, և այլն:

«Մեր նպատակը մահացությունների թիվը կրճատելը չէ, այլ այն, որ ոչ ոք ավտոպատահարների արդյունքում չմահանա: Վարորդները բալեր են կորցնում միայն այն դեպքում, եթե իրավախախտումներն արձանագրում են ոստիկանները, ոչ թե՝ տեսա- և լուսանկարահանող սարքերը, այնպես որ, մեզ մոտ բացառվում է, որ վարորդը կարողանա բալ վաճառել: Այսինքն, մեզ մոտ տուգանում են՝ ոչ թե նայելով մեքենայի համարանիշին, այլ՝ վարորդին: Մեզ մոտ տեղադրված են նաև արագություն չափելու մի շարք ինդիկատորներ, գործիքներ, որոնք ֆիքսում են ամեն ինչ»,- ասաց Վրաստանի ավտոմոբիլիստների ֆեդերացիայի նախագահ Շալվա Օբգանիձեն:

Դավիթ Մեսխիշվիլիի փոխանցմամբ՝ նվազեցված է ճանապարհային ոստիկանների և վարորդների շփումը:

«Վրաստանում ստեղծված է էլեկտրոնային բազա, և, երբ խախտման մասին ինֆորմացիան հայտնվում է այնտեղ, հետո այն վերացնելը պրակտիկորեն հնարավոր չէ: Իսկ եթե որևէ մեկը փորձի ինչ-որ փոփոխություն այնտեղ կատարել՝ տեղում կձերբակալվի»,- պարզաբանեց Դավիթ Մեսխիշվիլին:

Տեսակապի վրացի մասնակիցները հայտեցին, որ, ի տաբերություն Հայաստանի՝ իրենց մոտ պետական տուրք չի գանձվում բողոքարկման դեպքում:

Իբրև դրական հանգամանք, Վրաստանի ավտոմոբիլիստների ֆեդերացիայի նախագահն ընդգծեց՝ իրենց դուր է գալիս հայ վարորդների՝ հետիոտնին ճանապարհը զիջելու կուլտուրան:

«Դա Երևանի այցեքարտերից մեկն է: Նախանձում եմ այս հարցում: Կցանկանայինք, որ մեզ մոտ էլ այդպես լիներ, չնայած այս հարցում բալային համակարգն արդեն մեզ օգնում է, վարորդները վախենում են, գիտեն, որ հետիոտնին չզիջելու դեպքում բալեր են կորցնում»,- եզրափակեց Շալվա Օբգանիձեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս