«Անգամ գյուղի հիվանդանոց են դժվարությամբ հասնում, ուր մնաց թե՝ Իջևան». Աչաջուրցիները կպայքարեն փակվող ծննդատան համար
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ ծննդատների փակման հետևանքով կրճատված աշխատողներ այս պահին չկան։
«Այն բուժաշխատողներին, որոնք այլ հաստիք չունեն չֆինանսավորվող ծննդատներում, կփորձենք այլ բուժհաստատություններում աշխատանքի ընդունել»,- վստահեցրեց նախարարը։
Ինչ վերաբերում է ծննդատներին՝ նախարարը նշեց. «Եղվարդի ծննդատունը ևս մեկ անգամ կդիմի պետպատվերի, եթե մնացած բոլոր պայմանները ապահովվեն, մեր աչքով, մեր մասնագետների այցի ժամանակ կտեսնենք, որ պայմանները բավարարված են՝ բժշկական կադրեր, շենք-շինություններ, սարքավորումներ, ապա թիվը 136 լինելու պարագայում նրանց ևս մեկ տարվա անցումային տարի կտանք: Իսկ Աչաջուրը առողջության կենտրոն է և պետք է դադարի ծննդօգնության ծառայություններ մատուցել»:
Աչաջուրի համայնքի ղեկավար Կարեն Ղալթախչյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ սա և՛ ամբուլատորիա ունի, և՛ ծննդատուն:
«Աչաջուրը սահմանամերձ, բայց ոչ սահմանապահ գյուղ է: Սպասարկում է սահմանամերձ գյուղերի: Եթե նախարարությունը որոշումը չփոխի, ապա բնակիչների համար շատ դժվար է լինելու: Անգամ գյուղի հիվանդանոց են դժվարությամբ հասնում, ուր մնաց թե՝ Իջևան: Մինչև գյուղի հիվանդանոց են հասնում՝ էլ ժամանակ չկա, բա Իջևան ո՞նց են հասնելու: Ներհամայնքային ճանապարհների խնդիրը կա: Առաջարկում ենք վերազինել ծննդատունը սարքավորումներով, և վերջ: Համայնքի բնակիչները պայքարելու են»,- ասաց Կարեն Ղալթախչյանը: