ԱԻՆ-ը հերքում է փրկարար ծառայության բաժիններից մեկի փակվելու լուրը
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը հերքում է փրկարար ծառայության փրկարարական վարժանքների և փրկարարական մարզումների կազմակերպման բաժնի փակվելու մասին լուրը: ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը լուրը հերքող հաղորդագրություն է տարածել.
«Այսօր hayeli.am կայքում տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ փակվում է ԱԻՆ Փրկարար ծառայության փրկարարական վարժանքների և փրկարարական մարզումների կազմակերպման բաժինը։ Հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, բաժինը գործում է և որևէ աշխատակից չի ազատվել աշխատանքից։
Խնդրում ենք նմանատիպ դեպքերում լուրի իսկությունը ճշտել ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։