Բաժիններ՝

Հրայր Թովմասյանի մասնակցությամբ երեկ քննչական գործողություն է կատարվել. փաստաբանը չի բացառում՝ կարող է լինել ապօրինի կալանք. Aysor.am

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի մասնակցությամբ երեկ քննչական գործողություն է կատարվել։

«Ժամանակային առումով բավականին երկար է տևել, քննիչի նախաձեռնությամբ ընդհատվել է, մենք դուրս ենք եկել Հատուկ քննչական ծառայության շենքից, նորից ներկայացել ենք իրենց նշանակած ժամին, նորից ենք դուրս եկել ծառայության շենքից ու նորից ներկայացել ենք ծառայություն», – Aysor.am-ի հետ զրույցում ասել է Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։

Նա նշել է, որ Հատուկ քննչական ծառայության գործելաոճը գնահատելիս իր մոտ համոզմունք է ստեղծվում, որ քննչական ծառայությունը պաշտպանական թիմից ու Հրայր Թովմասյանից բանավոր պարզում է, թե երբ իրենց հարմար չի լինի հարցաքննության ներկայանալ ու այդ ժամին ծանուցագիր են ստանում հարցաքննության ներկայանալու։

«Ես արդեն այն համոզմունքի կրողն եմ, որ փորձ է արվում արհեստականորեն հիմքեր ստեղծել, որ, իբրև թե, Հրայր Թովմասյանը հարցաքննության չի ներկայանում կամ պաշտպանները հարցաքննության չեն ներկայանում», – ասել է Ամրամ Մակինյանը։

Հրայր Թովմասյանի պաշտպանն ընդգծել է՝ հաշվի առնելով, որ անօրինական քրեական հետապնդում է սկսվել, չեն բացառում, որ ապօրինի գործընթացները կարող են շարունակվել։

«Չենք բացառում, որ քննչական ծառայությունը կարող է գնալ ակնհայտ ապօրինի կալանավորման նախաձեռնության», – ասել է Ամրամ Մակինյանը։

Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս