«Ես երբեք չեմ հանձնվի». Հայաստանից արտաքսված Անդրանիկ Հովհաննիսյանը դիմել է Նաիրա Զոհրաբյանին և Արման Թաթոյանին

Հայաստանից արտաքսված՝ Ղազախստանի Հանրապետության քաղաքացի Անդրանիկ Հովհաննիսյանը 168.am-ին տեղեկացրեց, որ դիմել է ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ հույս ունենալով, որ նրանք կզբաղվեն իր խնդրով և կկարողանան վերականգնել իրավական արդարությունը:

«ՀՀ ԱԱԾ-ի կողմից դեպի Հայաստան իմ մուտքը անհասկանալի և հակաօրինական արգելքի պառճառով, արդեն երկու ամիս է, ինչ ես չեմ կարողանում վերադառնալ հայրենիք։ Ցավում եմ, որ մինչ օրս ՀՀ պատկան մարմիններն այդպես էլ չեն կարողանում այս անհեթեթությանը հստակ լուծում տալ։ Լավագույն դեպքում ՀՀ պատկան մարմինները հղում են անում ԱԱԾ-ի կողմից տարածված հայտնի ապատեղեկատվությանը, կամ ուղղակի լռում են։

Ինչպես հիշում եք՝ անձնական նամակով նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ դիմել՝ խնդրելով իրեն անձամբ զբաղվել այս հարցով։ Նա դեռ չի արձագանքել, սակայն, երևի տեսնում եք՝ իմ բնավորությամբ ես շատ համբերատար եմ, և բնականաբար երբեք չե՜մ հանձնվի: Ես շարունակելու եմ անել հնարավոր ամեն ինչ, որ խնդրին տրվի արդար ու իրավական լուծում»,- ասաց Անդրանիկ Հովհաննիսյանը:

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Անդրանիկ Հովհաննիսյանից էլեկտրոնային փոստով երեկ նամակ է ստացել, բայց քանի որ իր էլ. փոստի հասցեի հետ կապված խնդիրներ կային, այն այսօր է տեսել և սկսել զբաղվել Հովհաննիսյանի հարցով:

«Առաջիկա 1-2 օրվա ընթացքում կհասկանամ՝ ինչ խնդիր է, և իր ուղարկած հասցեով կպատասխանեմ: Մենք իրեն նաև գրել ենք, որ տրամադրի հեռախոսահամար, մի քանի լրացուցիչ հարց ունենք իր հետ ճշտելու, այդ հարցերը կճշտենք, նոր կհասկանանք՝ ոնց ենք շարժվում առաջ: Այստեղ ակնհայտ օրինախախտում ենք տեսնում, բայց եկեք՝ իրադարձություններից առաջ չընկնենք»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից մեզ խոստացան առաջիկայում պատասխանել:

Տեսանյութեր

Լրահոս