Բաժիններ՝

Ֆիլիպիններում Թաալ հրաբուխը 2 կիլոմետրանոց մոխրասյուն է արտանետել

Ֆիլիպիններում Թաալ հրաբուխը պահպանում է ակտիվությունը եւ վերջին 24 ժամվա ընթացքում գրեթե երկուկիլոմետրանոց մոխրասյուն է արտանետել, իսկ լավայի շատրվանները հասել են մինչեւ 500 մետր բարձության: Այդ մասին հայտնել է Rappler պորտալը՝ հղում անելով Ֆիլիպինների հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտին (Phivolcs)։

«Վերջին 24 ժամվա ընթացքում Թաալ հրաբխի ակտիվությունը բնութագրվում էր գլխավոր խառնարանից շարունակվող ժայթքմամբ»,- ասված է ինստիտուտի հաղորդագրության մեջ:

Ինչպես արդեն հաղորդվել է, հունվարի 13-ին Ֆիլիպինների Բատանգասի նահանգի տարածքում աղետի ռեժիմ է հայտարարվել Թաալ հրաբխի ժայթքումից հետո: Հունվարի 12-ին Թաալ հրաբուխը մոխրասյուն էր արձակել, որի բարձրությունը հասնում էր 1 կիլոմետրի: Phivolcs-ն այդ կապակցությամբ վտանգի երրորդ մակարդակ է հայտարարել ըստ 5-բալանոց սանդղակի:

Հրաբխի ժայթքման սպառնալիքի պատճառով Ֆիլիպինների իշխանությունները Բատանգասի նահանգի երեք բնակավայրի տարհանում են սկսել, որոնց բնակչությունը կազմում է ավելի քան 80 հազար մարդ: Ավելի ուշ Phivolcs-ը վտանգի մակարդակը բարձրացրել է մինչեւ նախավերջին չորրորդ նշագիծ եւ հանձնարարել է իրականացնել հրաբխի հարակից տարածքների ամբողջական տարհանում: Ֆիլիպինների քաղաքացիական ավիացիայի վարչությունն իր հերթին հանձնարարել է ինքնաթիռներին՝ խուսափել հրաբխի մոտակա օդային տարածությունից:

Ինչպես նշվում է, Բատանգասի նահանգի տարածքում աղետի ռեժիմի հայտարարման որոշումն իշխանությունների կողմից ընդունվել է տարերային աղետների կառավարման եւ հետեւանքների նվազեցման տեղական խորհրդի կողմից տրված հանձնարարականի հիման վրա:

Rappler պորտալի տվյալներով՝ աղետի ռեժիմի հայտարարումը նախատեսում է օգտագործել օգնության հատուկ ֆոնդի դրամական միջոցները, որոնք օգտագործվում են վերականգնման, վերակառուցման եւ տուժած շրջաններում իրադրության կայունացմանն ուղղված այլ աշխատանքների համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս