Բաժիններ՝

Եղվարդի ծննդատունը լուծարվում է․ բուժաշխատողները բողոքում են

Եղվարդի ծննդատան բուժաշխատողների համար հասկանալի չէ, թե որն է հիմնարկի լուծարման պատճառը:

Բողոքի ակցիայի մասնակցած ծննդատան բուժաշխատողները հարց էին ուղղում Առողջապահության նախարարությանը. «Ինչո՞ւ ժողովրդի կարծիքը չեն հարցնում: Եղվարդցին ուզում է, որ իր հարսը, աղջիկը այստեղ ծննդաբերի: Զորավանից պետք է գային, գիտեի, որ այսօր ծնունդ ունենք, բայց միանգամից գնացել էին Երևան: Ինչո՞ւ է ծնունդը գնացել Երևան: Զանգել էինք, պատասխանեցին, թե իմացել ենք՝ փակ է այդտեղ: Ասում են, թե ծնունդ քիչ է եղել: 2018 թվականի համեմատ 2019թ. 17-ով ավելացել է ծնունդների թիվը: Ամբողջ տարվա ընթացքում ունեցել ենք 136 ծնունդ: Բայց ըստ Առողջապահության նախարարության՝ 150 ծնունդ պետք է լինի. այդ ո՞վ է նման թիվ որոշել: Նոր մարզպետը մեզ այստեղ բերեց, պայմաններով ապահովեցին, բայց հիմա ասում են, թե՝ չէ, 150»,- դժգոհում էին բուժաշխատողները:

Հիվանդանոց էին շտապել նաև քաղաքացիներ: Նրանց խոսքով՝ անգամ Զովունիից են Եղվարդ գալիս, քանի որ բժիշկները լավն են:

«Այստեղի բժիշկները հո երեկվա բժիշկները չե՞ն: Այստեղի հիվանդանոցներն էլ թող Երևանի նման սարքեն՝ 5-աստղանի: Մի քիչ ուշադրություն, պետական աջակցություն է պետք: Հեռու գյուղերից մինչև ծննդաբերող կնոջը Երևան հասցնեն՝ արդեն խնդիր է լինելու»,- ասաց  բնակիչներից մեկը:

Բժիշկների բողոքին միացած քաղաքացիներն ասում էին  նաև, որ պայքարելու են, ամեն քայլի գնալու են, անգամ ճանապարհ են փակելու:

«Դու իմ բժիշկն ես, չեմ ուզում, որ գնաս Երևան»,- դիմելով բժիշկներից մեկին՝ ասաց քաղաքացին:

Առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել դադարեցնել Աչաջուր գյուղի հիվանդանոցի ծննդատան և բուժական բաժնի ֆինանսավորումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս