Մարալիկի ծննդատան փակման հիմքում նախարարի անձնական շահն է. փորձագետ
Շիրակի մարզի Մարալիկ համայնքի ծննդատան ֆինանսավորման դադարեցումը շատ սխալ է, սխալ է նաև բանավոր խոսքով աշխատակիցներին տեղեկացնելը, թե ֆինանսավորում չի լինելու, հանձնեք ձեր աշխատասենյակների բանալիները և հեռացեք։ Այս մասին այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Պարացելսուս» ՀԿ-ի նախագահ, փորձագետ Նունե Ներսիսյանը։
«Բացի իմ բերած հանգամանքից, մարալիկցիներն իրենք են բողոքում, և դա նշանակում է, որ այդ ծննդատունը իսկապես օգուտ էր տալիս այդ համայնքի բնակիչներին։ Հետաքրքրական է, որ բողոքում են ոչ միայն ծննդատան աշխատակիցները, այլ նաև բնակիչները, հետևաբար՝ ես այս ծննդատան փակման հիմքում նախարարի անձնական շահն եմ տեսնում, և ոչ թե՝ այլ բան»,- ասաց Ներսիսյանը։
Վերջինը նշեց, որ խորությամբ ուսումնասիրել է Մարալիկի ծննդատան գործունեությունը, որից պարզ է դառնում, որ այդ կենտրոնում ծննդաբերությունների հետ կապված որևէ բարդ դեպք՝ մահվան ելքով, չի եղել, հետևաբար՝ անհասկանալի է, երբ նախարարության աշխատակիցները խոսում են որակի մասին։
«Իսկ ինչ վերաբերում է մասնագետներին, ապա թող նրանց ուղղորդեն. չէ՞ որ ամեն տարի ավարտում են մասնագետներ, որոնք աշխատանք են փնտրում, թող բարձր աշխատավարձ տան նրանց և ուղղորդեն մարզային կենտրոններ։ Վերջին օրինակն էլ մանկաբարձ-գինեկոլոգ Վահագն Մադոյանի հայտարարությունն է, որ ուզում է գնալ Մարալիկում աշխատել, բայց այդ ծննդատունը փակում են։ Կրկնում եմ՝ խնդիրն այստեղ բացարձակապես մասնագետների մեջ չէ, և ինձ շատ է հետաքրքրում, թե նախարարությունը բժիշկ Մադոյանի հայտարարությունն ինչպե՞ս է ընդունում»։
Նկատենք, որ երեկ Մեդիա Կնետրոնում Մարալիկի ծննդատան ֆինանսավորման դադարեցման վերաբերյալ կազմակերպված քննարկան ժամանակ ԱՆ Մայրական և վերականգնողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը ասել էր, որ Մարալիկի ծննդատանը չկա վիրահատող մանկաբարձ-գինեկոլոգ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ և նեոնատոլոգ, հետևաբար՝ մանկաբարձական մահճակալների հետագա ծավալումը վտանգ է ներկայացնում:
Նունե Ներսիսյանը համամիտ չէ նաև Առողջապահության նախարարության բերած այն հիմնավորման հետ, թե այդ ծննդատունը չի ապահովում ծնունդների համար տարեկան սահմանված թիվը։
«Մարալիկը սպասարկում է 17 գյուղ։ Եթե հաշվում ենք, որ միջինը ունենք 35 հազար բնակիչ, որոնցից 10 հազարը կանայք են, ապա տարեկան 104-106 ծնունդը համապատասխանում է բնակչության այդ թվին, համահունչ է, և այստեղ ծնունդների քանակի խնդիր չկա»,- ասաց «Պարացելսուս» ՀԿ-ի նախագահը։
Նունե Ներսիսյանը նաև ընդգծեց, որ Առողջապահության նախարարը 2018 թվականի հուլիսի 30-ին ստորագրել է 1941 Ա հրամանը, որը, ի դեպ, տեղադրված չէր Arlis.am կայքում՝ ստորագրումից անգամ մեկ տարի անց։
«Այդ հրամանում նախարարը սահմանել է, որ ծննդատների համար տարվա համար սահմանվում է 150 ծնունդ թիվը, և դրանից պակաս թիվ ծննդատները իրավունք չունեն ներկայացնելու։ Հիմա ես ուզում եմ հարց ուղղեմ նախարարության աշխատակիցներին՝ ծնունդների համար սահմանված այդ թիվն ի՞նչ տնտեսական հաշվարկի վրա է հիմնված, ո՞ր օրենքին հղում անելով են այդ թիվը սահմանել։ Հակառակ պարագայում՝ ինձ մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ 150, եթե ոչ, ասենք, 200»,- ասաց Ներսիսյանը։
Անդրադառնալով ինքնալուծարման գնացած Ջերմուկի, Գավառի և այլ համայնքների ծննդատների խնդրին՝ Ներսիսյանն ասաց.
«Ինչպես ընդունված է ասել մոդայիկ դարձած ձևով՝ օդում կախված լուրերի համաձայն՝ այդ բժշկական կենտրոնները ինքնալուծարվել են պարտադիր-կամավոր կերպով, հետևաբար՝ չի կարելի ասել, թե դրանք փակվել են, ուրեմն Մարալիկն էլ պետք է փակվի. այնտեղ կարելի է գտնել լուծման տարբեր եղանակներ»։
Նունե Ներսիսյանն անդրադարձավ նաև շրջանառվող այն լուրերին, ըստ որոնց՝ Մարալիկի ծննդատունը փակվում է, որպեսզի գործարար Վարդան Սրմաքեշի ֆինանսավորմաբ Գյումրիում կառուցվելիք բժշկական կենտրոնում կենտրոնացնեն բժշկական ծառայություները, և այդ խոշոր կենտրոնում իշխանությունը ցանկանում է ունենալ իր համար նախընտրելի ղեկավարի։
«Այո՛, Վարդան Սրմաքեշը Գյումրիում մեծ բժշկական կենտրոն է կառուցում, և կարծում եմ, որ բոլորը կուղղորդվեն հենց այդ բժշկական կենտրոն և հենց այդ կենտրոնն էլ պետությունից կստանա բավականին լուրջ ֆինանսավորում։ Կարծում եմ՝ հենց այդ է պատճառը, որ երեկ Առողջապահության նախարարության աշխատակիցն ասաց, որ Մարալիկում չկա ծննդաբերական բաժանմունք, կան ընդամենը ծննդաբերական մահճակալներ, ինչից էլ հարց է առաջանում՝ եթե բաժանմունք չկա, տարիներ շարունակ այդ ինչի՞ հիման վրա է ֆինանսավորվել»,- ասաց Ներսիսյանը։
Ամփոփելով Առողջապահության նախարարության 1.5 տարվա գործունեությունը՝ Ներսիսյանն այն համարեց ազգադավ և կործանարար։
«Առողջապահության նախարարությունը կործանարար գործունեություն է իրականացնում։ Այնտեղ բացարձակ ոչ մի գործողություն չեմ տեսնում՝ կապված մարդկանց բժշկելու հետ։ Որոշակիորեն 5-10 հազար դրամներով միայն ընտանեկան բժիշկների աշխատավարձերի բարձրացումը ժողովրդի աչքին թոզ փչել է ընդամենը։ Իսկ ինչ վերաբերում է հակաքաղցկեղային բուժումն անվճար դարձնելուն, ապա այստեղ հարց է առաջանում՝ եթե անվճար է, այդ դեպքում ինչո՞ւ են մարդիկ մաքսանենգ ճանապարհներով Վրաստանից, ՌԴ-ից և այլ երկրներից անհրաժեշտ դեղորայք բերում։ Ես որևէ ծրագիր չեմ տեսնում և որպես մասնագետ՝ այդ նախարարության գործունեությունը գնահատում եմ կործանարար»,- ասաց Ներսիսյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում