Կրճատումների ուրվականը նորից մտել է Կառավարություն. ովքեր են թիրախավորվածները

Աշխատատեղերի կրճատումների թեման նորից Կառավարության օրակարգում է: Տոներից առաջ «սև թուղթ» են ստացել հատկապես Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակիցները։ Գործազուրկ դարձողները, ըստ վարչապետի սցենարային պլանի, պիտի գոնե 100-ը գերազանցեն, որպեսզի բյուջեից դուրս հոսող գումարն էականորեն կրճատվի։ Մոտիվացիան կհիմնավորվի կրկնվող գործառույթներով, իսկ թե իրականում ապարատի որ սեկտորն է ընկել թրի տակ, ինչ կարևոր գործառույթ են կատարում նրանք, կհրապարակենք հաջորդիվ։

Փաստն այն է, որ այսօր՝ հունվարի 8-ին, տարվա առաջին աշխատանքային օրով  պետական համակարգից մեծաթիվ աշխատակիցներ տարակուսած մնացել են տներում, չգիտեն՝ դուրս գա՞լ աշխատանքի, թե՞ ոչ, իսկ ի՞նչ հիմքով գնան կամ չգնան աշխատանքի, չէ՞ որ կրճատման տակ են ընկել, ոմանց էլ հասկացրել են, որ աշխատանքային պայմանագրերի ժամկետները չեն թարմացվելու։

Իսկ սուպերնախարար Սուրեն Պապիկյանը, որ իր ենթակայության տակ մի շարք ոլորտներ է միավորել, չի հասցնում կամ վախենում է  ենթականերին հայտնել, որ վարչապետից կրճատումների կոշտ հանձնարարական է ստացել։

168.am-ի տեղեկություներով՝ կրճատումների թրի տակով կանցնեն հատկապես Պետական գույքի կառավարման կոմիտեն, Ջրային կոմիտեն և նույն սուպերնախարարության՝ Էներգետիկ ոլորտը համակարգող թևի որոշ օղակներ։ Իսկ մոտիվացիան, որ ըստ սցենարի՝ հնչեցվելու է կառավարության առաջիկա նիստի ժամանակ, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պլանավորված է այսպես՝ «կրկնվող գործառույթներով օժանդակ ստորաբաժանումների կրճատում»։

Սա իբրև հիմնավորում կհնչի պողոսների ականջի համար, իսկ ներսում իրականում լուրջ խուճապ է սկսվել, շատերն են ֆիքսել, որ վերևներում ծանոթ-բարեկամի համար «բարիշելու» ակտն արդեն ավարտված է։

Ի դեպ, 168.am-ին հայտնի են դարձել նաև թիրախավորված վարչությունների անվանումները՝ հաշվապահություն, արտաքին կապեր, քարտուղարություն, իրավաբանների, գնումների ծառայություններ։

Մի խիստ ուշագրավ տեղեկություն ևս․ կրճատվող կառույցների ցանկում տոներից առաջ մտցրել են նաև Ջրային կոմիտեի ԾԻԳ-ը, որի աշխատակազմի լիազորություները ևս դադարեցված են՝ առանց ԾԻԳ-ի լուծարման մասին որևէ պաշտոնական հրամանի, առանց կրճատումների մասին որևէ փաստաթղթի հրապարակման, կառավարության կայքում չհայտնաբերեցինք այս մասին պաշտոնական հաղորդում։

Ընդգծենք մյուս կարևոր հանգամանքը. կադրերի հանդեպ պարտավորությունից զատ՝ այս ԾԻԳ-ը Վեդու ջրամբարի և այլ նախագծեր իրականացնող շինարարական մի շարք ընկերությունների հանդեպ ունի նաև կուտակած ահռելի պարտքեր, և ահա ԾԻԳ-ի ղեկավար Վահրամ Մկրտչյանը, օգտվելով հեղափոխական կառավարության չինովնիկների ակնհայտ չիմացությունից, իր ֆինանսական բեռը խորամանկորեն լղոզել է ինչ-ինչ փաստաթղթերով և «թերի կատարողականի անվան տակ» և  հրաժարվում է փոխանցումները անել գործընկերներին։

Գործընկերների խոսքով՝ Վահրամ Մկրտչյանն իմանալով, որ իր ղեկավարած ԾԻԳ-ը պետք է լուծարվի, ամեն ինչ անում է, որպեսզի Վեդու ջրամբարի կառուցապատողների փողերը չտա՝ հույսով, որ պարտականությունների կատարումն ավտոմատ կփոխանցվի Սուրեն Պապիկյանի նախարարությանը կից գործող Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամին։

Ի դեպ, կրճատումներն արդարացնելու նպատակով առաջիկայում Կառավարությունը մտադիր է մի քանի նոր գործառույթներով «վերազինել» այս հիմնադրամը, իսկ դա նշանակում է, որ պետական ծրագրով շինարարություն կատարած ընկերությունները ստիպված են աշխատավարձեր չտալ «բանվորներին» և սպասել ևս մի քանի ամիս։

Նշենք, որ Վահրամ Մկրտչյանի կողմից «քցված» շինընկերությունները նախատեսում են մեծ աղմուկ բարձրացնել, և հնարավոր է՝ առաջիկա Կառավարության նիստի օրը բողոքի ակցիա կազմակերպեն՝ վարչապետի հետ հանդիպում պահանջելու ակնկալիքով։

Սյուզի Բադոյան

 

Տեսանյութեր

Լրահոս