Ապրիլյան պատերազմի մասնակիցը մշտական բնակության է մեկնում Մոսկվա
Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Ռազմիկ Գասպարյանը վաղը մեկնելու է Մոսկվա՝ մշտական բնակություն հաստատելու համար։ 168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ Մոսկվա է գնում իր երեխաների համար ավելի լավ ապագա ստեղծելու։
«Արդեն երեք ամիս է` չեմ ծառայում Պաշտպանության նախարարությունում, և այս աշխարհում ինձ համար իմ երեխաներից թանկ որևէ մեկը ու որևէ բան չկա, որի համար էլ ես գնում եմ։ Իսկ այն, ինչ արել եմ իմ երկրի համար 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ, արել եմ ընտանիքիս, պետությանս և ժողովրդի համար։ Ինքս որևէ մեկից ակնկալիքներ չունեմ։ Աստված չանի, եթե կրկին նման բան լինի, ապա կրկին պատրաստ եմ զենքը ձեռքիս առաջինը գնալ սահման»,- ասաց Ռազմիկ Գասպարյանը։
Նա հույս հայտնեց, որ այն նպատակները, որի համար գնում է Մոսկվա, եթե իրականություն դառնան, օրերից մի օր կրկին Հայաստան կվերադառնա։
Ռազմիկ Գասպարյանը 2016 թվականի ապրիլի 2-ին եղել է Թալիշում, կարողացել է թշնամու կրակոցների տակից հանել վիրավոր ծառայակիցներին ու հակառակորդին հետ մղել։
Նա պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։