«Պայթուցիկի մեջ տասը կտոր կար, առաջին երեքը պայթեցին, հետո չորրորդն արդեն կպավ մատիս, մյուս երկուսը կողքերովս անցան». 10-ամյա Տավրոս Մկրտչյան
«Ես չեմ ուզում, որ պայթուցիկներ ծախեն: Ես խորհուրդ կտամ, որ ոչ մեկն էլ չառնի դրանից ու արգելեն ներմուծումը Հայաստան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց 10-ամյա Տավրոսը:
Ամանորի գիշերը Տավրոս Մկրտչյանը գնացել էր Թալին՝ տատիկ-պապիկի ու զարմիկների հետ Ամանորը նշելու: Շենքի հարևանությամբ գտնվող խանութից գնել էր կենցաղային պայթուցիկ՝ երկրորդ հարկում գտնվող պատշգամբից դրանք պայթեցնելու համար:
«Երկրորդ անգամ եմ պայթեցնում: Բայց առաջին անգամ հայրիկիս հետ եմ արել, հայրիկս է պայթեցրել ու սովորեցրել: Պայթուցիկի մեջ տասը կտոր կար, առաջին երեքը պայթեցին, հետո չորրորդն արդեն կպավ մատիս, մյուս երկուսը կողքերովս անցան»,- պատմեց Տավրոսը:
Երեխային շտապ հասցրել էին Թալինի բժշկական կենտրոն, որտեղ նրան ցուցաբերել են առաջին բուժօգնությունը և ուղարկել էին Երևան:
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքի բժիշկ Արթուր Հարությունյանը տեղեկացրեց, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել Ամանորի գիշերը:
«Ամանորի գիշերը ժամը 01:10-ին մեզ մոտ 10-ամյա պատանի է տեղափոխվել Թալինի բժշկական կենտրոնից՝ աջ դաստակի պայթյունային վնասվածքով: Երեխայի մոտ առկա էր լուրջ վնասվածք՝ աջ դաստակն ամբողջովին պայթյունային վերքերով էր, ունեինք երկրորդ մատի լրիվ անդամահատում, առաջին և երրորդ մատների ոչ լրիվ անդամահատում: Ցավոք սրտի, երկրորդ մատի անդամահատված սեգմենտը վերականգնման ենթակա չէր, բայց առաջին և երրորդ մատները հաջողվեց վերականգնել: Բազմաթիվ կոտրվածքներով, ձեռքի մեջ օտար մարմիններ, մկանների ջնջխումով, լուրջ տրավմատիկ վնասվածքով էր երեխան եկել մեզ մոտ»,- ասաց Արթուր Հարությունյանը:
Հիվանդանոց տեղափոխվելուց հետո ժամեր անց երեխան վիրահատվել է: Վիրահատությունը կատարվել է ընդհանուր անզգայությամբ և տևել է երեք ժամ:
Վնասված ձեռքի մյուս մատները կաշխատեն նորմալ ֆունկցիոնալությամբ: Բժիշկը նշեց, որ չնայած երեխան տեսել է իր ձեռքի վնասվածքը, սակայն տրամադրված է, որ ժամանակի ընթացքում ձեռքի մատը կլավանա ու կվերականգնվի:
Միկրովիրաբույժ Արթուր Հարությունյանը նշեց նաև, որ կենցաղային պայթուցիկներից ու ճայթուկներից ստացած վնասվածքներով տուժողները հիմնականում Երևանից են:
«Ամանորի տոներից հետո մինչ այս պահն ընդունել ենք կենցաղային պայթուցիկներից ու ճայթուկներից տուժած վեց երեխա: Դեկտեմբերի 2-ին մատի ամպուտացմամբ ևս մեկ դեպք ենք ունեցել. տուժողը կրկին 10 տարեկան երեխա էր ու կրկին պայթուցիկի հետևանքով էր մատը վնասվել:
Այս տարի լուրջ վնասվածքով 2 երեխա ունենք, իսկ նախորդ տարիներին թվով ավելի շատ դեպքեր էինք ունենում՝ 8-ից մինչև 10 երեխա»,- ասաց միկրովիրաբույժը:
Բժիշկը հավելեց, որ դեռևս մեկ ու կես ամիս երեխան ամբուլատոր բուժում է ստանալու, երկու-երեք օրը մեկ նա պետք է հիվանդանոց այցելի ու բուժզննում անցնի:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամլո խոսնակ Գևորգ Դերձյանն էլ տեղեկացրեց, որ երեխայի հետ հոգեբան է աշխատում:
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունը նախագիծ է մշակել, ըստ որի՝ կենցաղային պայթուցիկների ու ճայթուկների վաճառքն արգելվելու է, իսկ արգելքը խախտելու պարագայում նախատեսվում է տուգանք՝ 250.000-500.000 դրամ:
Հայկանուշ Ալոյան