Բաժիններ՝

Ինքնաձիգ, ատրճանակ, նռնակներ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել

Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 3-ին բաժին է ներկայացել Սիսիանի բնակիչ, 61-ամյա մի տղամարդ ու կամավոր հանձնել «Կալաշնիկովի» ինքնաձիգ։ Տղամարդու հայտնածով՝ ինքաձիգն իրեն է, ձեռք է բերել տարիներ առաջ ու թաքցրել տնամերձ հողամասում։

Հունվարի 7-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժին եկած տղամարդը, որը Գլաձոր համայնքի բնակիչ է, կամավոր հանձնեց ատրճանակ, ինքնաշեն նռնակ, պայթուցիկ նյութ, ինքնաձիգի պահունակ, տարբեր տրամաչափի 100-ից ավելի փամփուշտ և ինքնաձիգի փամփուշտներով ժապավեն։ Նրա հայտնածով դրանք գտել է խորդանոցը վերանորոգելիս։

Հունվարի 7-ին ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Ամասիայի բաժնում։ Ամասիայի բնակիչ 59-ամյա մի կին բաժին է բերել պայթուցիչով նռնակ ու ինքնաձիգի 5․45 մմ տրամաչափի 30 փամփուշտ՝ հայտնելով, որ դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն։

Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքը շարունակվում է։ Հիշեցնենք, որ կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս