Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովից Դավիթ Տոնոյանին դեռ չեն կանչել
Ապրիլյան գործողությունները հետաքննող ԱԺ հանձնաժողով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի հրավիրվել: Այս մասին 168.am-ին հայտնեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:
«Դեռ չենք ստացել նման գրություն»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը որոշել է դիմել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը ևս 6 ամսով երկարաձգելու համար։
ՀՀ պաշտպանության փոխնախարարը շեշտեց, որ իրենց լիազորությունից դուրս է այս որոշման նպատակահարմարության մասին խոսելը, և թե ինչ հարցեր հնարավոր է մնացած լինեն, որոնք չեն հասցրել քննել:
«Ես չեմ կարող մեկնաբանել, որովհետև դա մեր իրավասությունից դուրս է: Դա օրենսդիր մարմնի իրավասությունն է, մենք ո՞նց կարող ենք դրա վերաբերյալ մեկնաբանություն անել: Դա կդիտվի՝ որպես ճնշում»,- պնդեց Բալայանը:
Մարիամ Պետրոսյան