Բանակցություններում սակարկման առարկա չեն կարող հանդիսանալ Արցախի անկախ կարգավիճակը և ժողովրդի իրավունքների ճանաչումն ու հարգումը. Աշոտ Ղուլյան
Արցախի ժողովրդավարական կուսակցությունը հետևողականորեն դիրքորոշում է արտահայտել պետության արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունների վերաբերյալ՝ կարևորելով Արցախի անկախության միջազգային ճանաչման և անվտանգության երաշխավորման հրամայականը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած Արցախի ժողովրդավարական կուսակցության համագումարին ասել է կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը:
«Մենք պնդել ենք և շարունակելու ենք պնդել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն ու միայն բանակցություններին Արցախի Հանրապետության լիարժեք մասնակցության պարագայում, իսկ առաջարկվող լուծման տարբերակներն ու առաջարկները առաջին հերթին պետք է ընդունելի լինեն հակամարտության անմիջական կողմի՝ Արցախի ժողովրդի համար: Բանակցություններում սակարկման առարկա չեն կարող հանդիսանալ Արցախի անկախ կարգավիճակը և Արցախի ժողովրդի բնական իրավունքների ճանաչումն ու հարգումը»,- նշել է ԱԺԿ նախագահը:
Ա. Ղուլյանը համոզված է, որ արդարացի պահանջը հասանելի դարձնելու և այս հարցում լուրջ հաջողություններ ապահովելու համար անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ առավելագույնս ներգրավելու հայկական Սփյուռքի և օտարերկրյա գործընկերների ներուժը:
Միաժամանակ նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու միջազգային գործընկերների հետ ընդգրկուն համագործակցության քաղաքականությունը՝ պատրաստ լինելով անդամակցելու այնպիսի քաղաքական միավորումների, որտեղ մարդու իրավունքների պաշտպանությունն ու հարգումը, ազգերի ինքնորոշման սկզբունքը և պետությունների ինքնիշխան հավասարությունը համագործակցության ամենաբարձր արժեքներն են: