«ԿԳՄՍ նախարարի հետ մենք պետք է հանդիպենք ԵՊՀ-ում, որպեսզի հանդիպումը բաց անցնի». Գևորգ Գյուլումյան
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ԵՊՀ ուսանողները Գևորգ Գյուլումյանի գլխավորությամբ դեկտեմբերի 2-ին հանդիպելու են ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հետ։
Վերջինիս հետ հանդիպելուց զատ, նրանք սպասում են նաև նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը։
«Նախարարն ասել էր, որ պատրաստ է հանդիպելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Մենք էլ մեր հերթին՝ հայտարարել ենք, որ հանդիպման համար նախարարություն չենք գնալու, փոխարենը՝ նախարարին սպասելու ենք ԵՊՀ-ում, որտեղ ներկա կլինեն բոլորը։ Արայիկ Հարությունյանը ԵՊՀ-ի շրջանավարտ է, նաև այնտեղի դասախոս է եղել, ուստի հանդիպումը նախարարի հետ պետք է կայանա ԵՊՀ-ում, որպեսզի հանդիպումը բաց լինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ ուսանող Գևորգ Գյուլումյանը։
Նրա խոսքով՝ դեկտեմբերի 2-ին Գեղամ Գևորգյանի հետ հանդիպումից շատ բան է կախված, և կարող են լինել մի քանի սցենարներ, բայց այս պահին դրանց վերաբերյալ ոչինչ ասել չի կարող։
«Մենք ստեղծել ենք նախաձեռնություն՝ «Հանուն ազգային կրթության» անվամբ, հենց այս նախաձեռնությամբ ենք պատրաստվում հանդիպել խորհրդարանական ուժերի հետ, արդեն պայմանավորվածություն կա հանդիպելու «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ, դրանից հետո դիմելու ենք ԲՀԿ-ին»,- շեշտեց Գ. Գյուլումյանը։
Նա նաև ընդգծեց, որ Արայիկ Հարությունյանից իրենք պահանջել են կա՛մ աշխատել, կա՛մ գնալ տուն, և նախարարի հետ հանդիպման ընթացքում չի դրվելու միայն նրա հրաժարականի պահանջը։
«Մենք կրկին պնդելու ենք մեր պահանջը՝ կա՛մ պետք է աշխատի, կա՛մ պետք է գնա տուն, եթե նա հետ է կանգնելու իր ապազգային քայլերից, ապա նրանից հրաժարական պահանջելն իմաստ չունի»,- ասաց Գևորգ Գյուլումյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին ԵՊՀ մի շարք ուսանողներ և ՀՅԴ երիտթևը սկսեցին բողոքի ակցիաներ՝ պահանջելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, որին հաջորդեցին նաև նստացույցերը։ Օրերս ուսանողները հայտարարեցին, որ կհանդիպեն ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ի և նախարարի հետ, որից հետո կորոշեն իրենց հետագա անելիքները։
Ի դեպ, ՀՅԴ երիտթևը նամակ էր ուղղել ԱԺ «Լուսավոր Հայաստան» և ԲՀԿ խմբակցություններին՝ նախարար Հարությունյանին իրենց անվստահություն հայտնելու մասով։
ԲՀԿ-ն դեռևս հարցը չի քննարկել, իսկ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ օրերս ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ մեկ նստաշրջանի ընթացքում իրենք չեն կարող անվստահություն հայտնել միաժամանակ մի քանի նախարարների, քանի որ անվստահություն արդեն հայտնել են Ֆինանսների նախարարին, որը, իհարկե, մերժվել է։
Զվարթ Խաչատրյան