«Ադրբեջանը երբեք չի հրաժարվել իր նպատակներից, չի վերանայել իր պահվածքը». Դավիթ Բաբայան

Երեկ՝ նոյեմբերի 29-ին, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, որ Արցախի ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը: Նրան տեղափոխել են հիվանդանոց, վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Դեպքից հետո ՀՀ արտգործնախարարությունը հաղորդագրություն տարածեց՝ դատապարտելով միջադեպը, որում ասված էր. «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումը, որի հետևանքով ծանր վիրավորում է ստացել Արցախի ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը: Դիպուկահարի կրակի հետևանքով տեղի ունեցած այս միջադեպին չի նախորդել իրավիճակի որևէ լարում, ինչն ի ցույց է դնում, որ ադրբեջանական կողմից առկա է հրադադարը խախտելու միտումնավոր փորձ: Նման միջադեպերը լրջորեն վնասում են խաղաղ գործընթացին և հակասում խաղաղության համար նպաստավոր միջավայր ձևավորելու շուրջ պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Անգամ ներքաղաքական նոր զարգացումների պայմաններում Ադրբեջանը պետք է հավատարիմ մնա իր հանձնառություններին»:

Արցախի Հանարպետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի խոսքով՝ այս ամենն Ադրբեջանի կողմից նոր չէ, առհասարակ նրա քաղաքականությունը որևէ փոփոխության չի ենթարկվել։

«Ադրբեջանը երբեք չի հրաժարվել իր նպատակներից ու ցանկություններից, դրանք չի էլ թաքցնում՝ դա Արցախի ու հայոց պետականության կործանումն է։ Այդ պատճառով էլ Ադրբեջանի գործողություններում նոր բան չկա, հակառակորդն իր պահվածքը չի վերանայել, այստեղ մեզ մնում է, որպեսզի ամեն ինչ անենք վիրավորում ստացած  մեր զինվորի ապաքինման համար»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Հարցին՝ նման պայմաններում հնարավո՞ր է ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ հարցի համապարփակ կարգավորման համար անհրաժեշտ է երկու ժողովուրդների միջև խաղաղության կնքումը։

«Պետք է ընկալումը փոխվի, ժողովուրդների միջև պետք է հաշտություն լինի, ինչպես եղավ ռուսների և գերմանացիների, կամ գերմանացիների և ֆրանսիացիների միջև, սա, իհարկե, երկարատև գործընթաց է, և այդ ժողովուրդների միջև խաղաղությունը չի եղել լոկ բարի կամքի շնորհիվ, կողմերից մեկը պարտվել է, դրա համար խաղաղություն է պարտադրվել, մեր պարագայում պետք է մենք ինքներս գանք դրան։ Մենք չպետք է դրանից հրաժարվենք, բայց պետք է լինենք աչալուրջ և հասկանանք, որ խաղաղությունը պահպանվում է ոչ թե՝ Ադրբեջանի բարի կամքի շնորհիվ, այլ՝ մեր զինվորների բազկի ուժով և տարվող ճիշտ աշխարհաքաղաքականությամբ։ Խաղաղության հասնելու մեր գրավականը բանակն է, միասնականությունը՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք, դաշնակիցների հետ եղբայրական հարաբերությունները և ճիշտ ու հավասարակշռված քաղաքականության վարումը»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս