Բաժիններ՝

«Մենք ավելի ենք ազատականացնում մշակույթի ոլորտը». ԿԳՄՍ փոխնախարար

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանի  կարծիքով՝ մշակույթի ոլորտում հիմնական բացթողումն այն է, որ տարիներ շարունակ Մշակույթի նախարարության վրա են դրվել նախարարության ուժերից վեր սոցիալական գործառույթներ:

Ըստ նրա՝ արդեն հայտարարել են, որ այսօր գնալու են ամբողջապես մասնագիտական ճանապարհով, այսինքն՝ պետական միջոցներով մշակութային  միջոցառումներ կարող են անել և ծրագրեր իրականացնել պրոֆեսիոնալ կազմակերպությունները, անհատները:

«Մենք պետք է կարողանանք բեռնաթափել մշակույթը հենց սիրողական սոցիալական աջակցությունից: Ինձ համար մշակութային քաղաքականությունը գրեթե նույնական է տեղեկատվական քաղաքականությանը, այսինքն, եթե մենք չենք մշակելու տեղեկատվական քաղաքականություն, և մեկանգամյա միջոցառումների կյանքը չի շարունակվելու տեղեկատվական դաշտում, ապա խնդիրներ ենք ունենալու: Իսկ տեղեկատվական քաղաքականություն՝ նշանակում է՝ մշակույթի հանդեպ հետաքրքրության բարձրացում, մենք պետք է լինենք նաև տեղեկատվական ռազմավարության նախարարություն»,- ասաց ԿԳՄՍ փոխնախարարը:

Նրա խոսքով՝ արդեն ավարտել են դրամաշնորհային նոր պայմանների ու չափանիշերի ձևակերպումները, և այս տարվանից  մրցույթը կլինի այլ չափորոշիչներով:
Նա նաև տեղեկացրեց, որ արդեն մշակել են առաջիկա երեք տարիների մշակութային ռազմավարությունը, որը շուտով կլինի մասնագիտական հանրության քննարկման առարկան:

Փոխնախարարը վստահեցրեց, որ մշակույթին առնչվող որևէ հարց գրասենյակներում ու փակ դռների հետևում չի քննարկվելու:

«Ամենակարևորն այն է, որ մենք մշտապես փորձում ենք բարեփոխումներ չանել առանց խնդիրների խորքային վերլուծության: Մինչև մենք հստակ չձևակերպենք խնդիրները, չենք կարող խոսել բարեփոխումների մասին՝ անիմաստ է: Գիտեք, որ  այժմ շրջանառվում է «Կինոյի մասին» օրենքը, որը դեռևս լուրջ քննարկումների տեղ ունի: Կարծում եմ՝ հաջորդ տարվանից կսկսենք աշխատել «Կատարողական արվեստի» մասին օրենքի նախագծի վրա, կան մանր խնդիրներ, որոնք ունեն լուծում, սակայն դանդաղեցնում են ոլորտի կարգավորումը: Հիմա մենք բոլոր հարցերը դուրս ենք բերել, և կարծում եմ՝ հաջորդ տարվանից ոլորտ առ ոլորտ խորանալով հարցերի մեջ, կազմակերպելով միջգերատեսչական քննարկումներ՝ գնալու ենք հարցերի կարգավորման ճանապարհով»,- հավելեց նա:

Արա Խզմալյանն ընդգծեց, որ կոռեկտ չէ ասել, թե իր նախորդները մշակույթի ոլորտում ոչինչ չեն արել:

168.am-ը ԿԳՄՍ փոխնախարարից հետաքրքրվեց, թե արդյո՞ք մշակույթի ոլորտում հեղափոխություն եղել է, եթե այո, ապա ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել:

«Մշակույթում հեղափոխությունը չի կարող վերաբերել միայն պետական գերատեսչությանը, մշակույթի մեջ հեղափոխությունը սկիզբ է առնում ստեղծագործողների մտածողության հեղափոխությունից: Մշակույթում հեղափոխություն ասելով՝ մենք հասկանում ենք՝ նոր ֆորմաների, գեղարվեստական նոր լեզվի  բացահայտումներ, այդ պատճառով էլ հարցն ունի երկու կողմ: Ինչ վերաբերում է պետական քաղաքականությանը, ապա մենք գնալով ավելի ենք ազատականացնում ոլորտը: Պետական վերահսկողություն, անհարկի միջամտություններ, վարչական լծակների կիրառում այլևս չկա, դրանք գոյություն չունեն: Այսինքն՝ մենք հայտարարում ենք, որ ստեղծագործական դաշտը պետք է լինի ազատ»,- շեշտեց փոխնախարարը:

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս