Տուսկը Եվրախորհրդի ղեկավարի լիազորությունները հանձնեց Շառլ Միշելին
Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը նոյեմբերի 29-ին կայացած կարճատեւ արարողության ընթացքում Եվրամիության հիմնական քաղաքական մարմնի ղեկավարի լիազորությունները, որտեղ ներկայացված են միության երկրների ղեկավարները, հանձնեց իրեն փոխարինողին՝ Բելգիայի դաշնային կառավարության նախկին վարչապետ Շառլ Միշելին: Եվրախորհրդի նոր նախագահն իր պարտականությունների կատարմանը լիարժեք ձեռնամուխ կլինի դեկտեմբերի 1-ից։
«Խորհրդանշական արարողությունը կայացել է Բրյուսելի «Եվրոպա» շենքի շքասրահում, որտեղ տեղի են ունենում եվրոպական գագաթնաժողովներն ու խոշոր միջազգային համաժողովները: Քաղաքական գործիչները միմյանց ձեռք են սեղմել տեսախցիկների առջեւ, իսկ այնուհետեւ հեռացել ծառայողական հարկաբաժիններ՝ գործերը փոխանցելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: