Իրաքում ոստիկանության հետ բախումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 45-ի
Իրաքում վերջին 24 ժամվա ընթացքում ոստիկանության հետ բախումների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 45-ի, ինչի մասին հայտնել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ։ Ավելի վաղ հաղորդվել էր 32 զոհվածի մասին:
Անկարգությունների նոր ալիքն Իրաքում սկսվել է նոյեմբերի 28-ի առավոտյան երկրի հարավի Նաջաֆ քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոսարանի հրկիզմամբ: Այստեղ, ըստ վերջին տվյալների, զոհվել էարդեն 12 ցուցարար: Դի Քարի նահանգի Նասիրիա քաղաքում, հեռուստաալիքի տվյալներով, զոհվել է առնվազն 25 մարդ: Ցուցարարները փորձում էին արգելափակել կամուրջը, իսկ հետո հավաքվել են ոստիկանության վարչության շենքի մոտ: Նաեւ հաղորդվել է երկրի մայրաքաղաք Բաղդադում զոհվածների մասին:
Իրաքում ցուցարարները հոկտեմբերի սկզբից ծայր առած բողոքների ընթացքում պահանջում են կառավարության հրաժարականը, պայքար կոռուպցիայի, գործազրկության դեմ, կենսապայմանների բարելավում: Զանգվածային լրատվամիջոցները հայտարարել են, որ բողոքի ակցիներին ուղեկցող ընդհարումների եւ անկարգություների հետեւանքով զոհվել է ավելի քան 300 մարդ, տուժել է շուրջ 15 հազար բնակիչ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: