«Եկեք հավատանք, որ Երևանի քաղաքապետարանում չեն իմացել «Ալեքս ընդ հոլդինգ»-ի և Սամվել Ալեքսանյանի կապի մասին». Հոկտանյան. «Փաստինֆո»

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը տարբեր ընկերություններից, մասնավորապես «նախկին ռեժիմի օլիգարխներից», որոնց հիմա ընդունված է գործարար անվանել,  որպես նվիրատվություն «Կամազ»-ներն ընդունելու Երեւանի քաղաքապետարանի քայլը հնարավոր կոռուպցիոն ռիսկերից զերծ չի համարում։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Վարուժան Հոկտանյանն ասաց՝  թեեւ սա չի նշանակում, որ անպայման կոռուպցիոն երեւույթի հետ գործ ունենք, բայց ցանկացած դեպքում, երբ հայտնաբերվում է մի բան, որի մասին իշխանությունները լռում են, կասկածներ են առաջանում, մանավանդ, երբ գործ ունենք խոշոր  ընկերությունների հետ։

«Երբ դու խոշոր տնտեսվարողներից, նախորդ ռեժմի օլիգարխներից, որոնց հիմա ընդունված չէ օլիգարխ ասել, ստանում ես  այդպիսի բան, չի բացառվում, որ դա կարող է լինել ինչ-որ ծառայության դիմաց կամ ինչ-որ ընկերական խորհրդի արդյունքում։ Սա ամբողջ աշխարհում է այդպես։ Կամ ընկերությունները  հետագայում , ասենք, քաղաքապետարանից կարող են ստանալ մեկ անձից գնումներ կամ շահել լավ տենդերներ»,-կարծում է Հոկտանյանը։

Հիշեցնենք  այսօր հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանն, այդուհանդերձ, Սամվել Ալեքսանյանի անվան հետ կապվող ընկերությունից «նվեր» է ստացել։ Երեւանի Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը օրեր առաջ հայտարարել էր, որ աղբահանության ճգնաժամի հանգուցալուծման հարցում քաղաքապետին ձեռք են մեկնել խոշոր սեփականատերերն ու «Կամազ»-ներ են «նվիրել»:  Այս հայտարարությունից հետո մամուլը գրեց, որ «նվերը» ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է մատուցել քաղաքապետարանին, որին թավշյա հեղափոխությունից հետո գործող իշխանությունն այլեւս  ոչ թե օլիգարխ, այլ գործարար է համարում։ Իսկ այսօր արդեն Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը, որը մինչ այդ հերքել էր տեղեկությունը՝ հայտարարելով, թե  Սամվել Ալեքսանյանը քաղաքին որևէ նվեր չի արել եւ նրա հետ կապակցված ընկերություններընույնպես չեն նվիրել, Ֆեյսբուքում հրապարակեց նվիրատու կազմակերպությունների անունները, որոնց թվում էր նաեւ «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն։ Ըստ տեղեկատվության, այս ընկերությունը  3 հատ բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ 43253-3010-69  է նվիրել քաղաքապետարանին։

«Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունը պետռեգիստրում գրանցված է որպես հիմնադիր-սեփականատեր միանձ, որի անունը Սամվել Ալեքսանյան չէ։ Տնօրենը, որը ստորագրել է քաղաքապետարանի հետպայմանագիրը Հայկ Իսրայելյանն է, ինչպես տեսնում ենք կրկին Սամվել Ալեքսանյանը չէ։Քաղաքապետարանը չունի այն գործիքակազմը և ընդհանրապես չունի այն խնդիրը՝ պարզելու, արդյոք այսկամ այն կազմակերպության հետևում կանգնած է այս կամ այն գործարարը, թե ոչ»,-Սամվել Ալեքսանյանի առնչությունը Հակոբ Կարախետյանը երեկ այսպես մեկնաբանեց։

Վարուժան Հոկտանյանը մի մտահոգություն էլ ունի՝  չստացվի այնպես, որ այդ նվիրատուները հետո որոշակի հարկեր չվճարեն, ինչը նրա խոսքով, լրջագույն խնդիր կլինի։ «Եկեք հավատանք, որ Երեւանի քաղաքապետարանում չեն իմացել «Ալեքս ընդ հոլդինգ»-ի եւ Սամվել Ալեքսանյանի կապի մասին. «Եթե իրենք չգիտեն՝ չգիտեն, ի՞նչ ասենք, ես գիտեմ, Դուք գիտեք… Հետո կտեսնենք, այդ «Ալեքս ընդ հոլդինգ»-ը ինչ-որ տենդեր շահե՞լ է,  թե ոչ կամ հարկային պարտավորություններն ինչպե՞ս է կատարել»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս