Միհրան Պողոսյանի նկատմամբ Ռուսաստանում ընտրված խափանման միջոցը վերացվել է
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ Ռուսաստանում ընտրված խափանման միջոցը վերացվել է։ Այս մասին հայտնեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանն 2019 թվականի ապրիլի 21-ին ՌԴ իրավապահների կողմից ձերբակալվել էր: Իրավապահները նրան հայտնաբերել էին ՌԴ Կարելիայի Հանրապետությունում:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՌԴ դատարանը բավարարել է ՌԴ դատախազության միջնորդությունը Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու վերաբերյալ՝ նրան Հայաստան արտահանձնելու հարցը քննարկելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը, ով հայտնի է օֆշորային սկանդալով, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:
2019թ. ապրիլի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: