«ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարն ու իր տեղակալները պետական դավաճաններ կհամարվեն Անդրանիկ Հովհաննիսյանի դեպքով». Իսագուլյան

Նոյեմբերի 16-ին «Զվարթնոց» օդանավակայանում վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օրբելի» կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի մուտքը Հայաստան արգելվել է, նրան արտաքսել են Ռուսաստան՝ ասելով, որ նա վտանգ է ներկայացնում ՀՀ անվտանգության համար։

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը պնդում է՝ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ հայի մուտքը Հայաստան արգելվում է:

«Նա երիտասարդ գիտնական է, 9 տարի է՝ ապրում է Հայաստանում: Գերազանցությամբ ավարտել է Հայ-սլավոնական համալսարանը: Հիմա էլ աշխատում է վարչապետին առընթեր գործող «Օրբելի» կենտրոնում: Սլավոնական համալսարանն և «Օրբելի» կենտրոնը գործուղել են նրան Տաջիկստան հատուկ գիտաժողովի: Վերադարձին օդանավակայանում ասում են, որ փաստաթղթերի մեջ սխալներ կան»,- նշում է Իսագուլյանը:

Անդրանիկ Հովհաննիսյանը Ղազախստանի քաղաքացի է, նա Հայաստանում ապրելու համար կացության քարտ ուներ: Հովհաննիսյանը պատմել է, որ  ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն իրեն նամակ պետք է ուղարկեր, որը, սակայն, ուղարկել են սխալ հասցեով, և ինքը չի ստացել այն:

Գառնիկ Իսագուլյանին զարմացնում է այն փաստը, որ օտարերկրացիները հանգիստ ելումուտ են անում Հայաստան, իսկ հայը՝ ոչ:

«Միայն այս տարի 40.000 հնդիկ ու պակիստանցի ազատ ելումուտ են արել Հայաստան, նրանցից շատերի անունը կապվում է «Իսլամական պետության» հետ: Այս մուտք ու ելքի պատճառով ասում են, որ Հայաստանից արտագաղթ չի եղել, որովհետև մուտքերի ու ելքերի տարբերությունը շուրջ 5000 է: Հայերը մեր երկրում փոխարինվում են ահաբեկիչներով, իսկ հայ գիտնականին արտաքսում են»,- ասում է Գառնիկ Իսագուլյանը:

Անդրանիկ Հովհաննիսյանը 12 ժամ մնացել է «Զվարթնոց» օդանավակայանում, ինչպես ինքն է պնդում՝ առանց հաց ու ջրի, քանի որ այնպիսի վայրում է գտնվել, որ հնարավոր չի եղել դրանք գնել: Այդ ընթացքում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը զանգահարել է ԱԱԾ տնօրենի ժ/պ-ին, նրան պատասխանել է օգնականը: Գառնիկ Իսագուլյանը զանգահարել է նաև ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալին, որը, սակայն, հեռախոսին չի պատասխանել, հաջորդել են զանգեր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանին, երկուսն էլ խոստացել են վարչապետին տեղյակ պահել:

«Մի երկու օր հետո ԱԱԾ մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածում, թե Անդրանիկ Հովհաննիսյանն արտաքսվել է, քանի որ վտանգ է ներկայացնում Հայաստանի պետականությանը, ինչին ի պատասխան՝ այդ երեխան Ռուսաստանից գրում է, որ պատրաստ է առաջին իսկ չվերթով գալ Հայաստան, և եթե ինչ-որ հանցագործություն է կատարել, պատրաստ է կանգնել դատարանի առաջ: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ, եթե այս հարցը լուծում չստանա, ԱԱԾ տնօրենի ժ/պ-ն, նրա տեղակալ Ստեփան Մելքոնյանը, երկու գլխավոր վարչության պետերը կհայտարարվեն ազգային ու պետական դավաճաններ: Ես նրանց հիմա չեմ վստահում, ԱԱԾ ղեկավար կազմում պրոֆեսիոնալներ չեն մնացել: Ինչ վերաբերում է վարչապետին, նրան կամ տեղյակ չեն պահել, չնայած խոստացել են, կամ Նիկոլ Փաշինյանն էլ դասվելու է դավաճանների շարքը»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս