Մարինա Խաչատրյանը դրամահավաք է իրականացնում վարչապետի համար
«Առողջ հանրություն» հ/կ ղեկավար, Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը դրամահավաք է սկսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բուժումը Գերմանիայում կազմակերպելու համար։ Այս մասին Կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ ընդգծելով, որ «վարչապետը բուժման կարիք ունի՝ մասնավորապես սուտ խոսելու դեմ», իսկ դրա համար անհրաժեշտ է 26 հազար եվրո։
Ըստ նրա՝ փոխանցումների համար բացվել է նաև հաշվեհամար, և «հանուն ՀՀ հպարտ քաղաքացիների՝ վարչապետը պետք է բուժվի»։
Հիշեցնենք, որ օրերս Մարինա Խաչատրյանը հայտարարել էր, որ Գերմանիայի հոգեբուժական կլինիկաներից մեկից ստացել է իր հարցման պատասխանը, թե հոգեկան խնդիրների բուժման համար որքան գումար և ժամանակ է անհրաժեշտ։ «Հակադարձում եմ այն քննադատություններին, թե ես անձնական տվյալ եմ հրապարակել՝ ասելով, որ վարչապետը խնդիրներ ունի և պետք է բուժվի, դրա իրավունքն ինձ տվել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որն իր հարցազրույցներից մեկում հրապարակավ հայտարարեց, որ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հոգեկան խնդիրներ ունի և պետք է բուժվի։ Նրա հայտարարությունից հետո որևէ մեկը չասաց, որ սխալ է անում»,- շեշտեց Մարինա Խաչատրյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ արդեն հավաքվել է որոշակի գումար, որը փոխանցելու է Կառավարությանը՝ վարչապետին տալու համար։
Զվարթ Խաչատրյան