Վրաստանի վարչապետը պաշտոնյաներից պահանջել է կրկնապատկել ուշադրությունը ընդդիմության բողոքների ֆոնին
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան իշխանության ներկայացուցիչներից պահանջել է կրկնապատկել ուշադրությունը, որպեսզի ապահովվի աշխատանքի արդյունավետությունն ընդդիմության բողոքների ֆոնին: Այդ մասին նա հայտարարել է նոյեմբերի 28-ին կառավարության նիստից առաջ կայացած բրիֆինգում։
«Վերջին օրերի ընթացքում ակնառու է, որ անպատասխանատու քաղաքական գործիչների բոլոր դեստրուկտիվ գործողությունների նպատակը պետության արգելափակումն է: Նրանց գործողությունները չեն նշանակում պետական ինստիտուտների արգելափակում: Դա նշանակում է ամբողջ պետության արգելափակում, ուստի ես ցանկանում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը կրկնապատկի ուշադրությունը, կենտրոնացումը, որպեսզի ամեն օր սովորական ռեժիմով շարունակենք պետական հաստատությունների արդյունավետ աշխատանքը»,- ասել է Գախարիան, դիմելով կառավարության անդամներին:
Ինչպես արդեն տեղեկացվել է, Վրաստանի պարեկային ոստիկանության աշխատակիցները երկաթե կառուցվածքներ են տեղադրել եւ արգելաշղթա կազմել այն փողոցներում, որոնք հարում են խորհրդարանի շենքի մուտքերին, որպեսզի խանգարեն հանրահավաքի մասնակիցներին հերթական անգամ պիկետելու օրենսդիր մարմինը: Նոյեմբերի 28-ի առավոտյան ընդդիմադիր կուսակցությունների եւ ոչ կառավարական կազմակերպությունների ակտիվիստները հավաքվել են Ռուսթավելիի պողոտայում Վրաստանի խորհրդարանի մոտ՝ հերթական անգամ արգելափակելու շենքը: Ավելի վաղ Թբիլիսիում պիկետման փորձերն ավարտվել են հատուկ նշանակության ուժերի կողմից ակցիաների ցրմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: