Բաժիններ՝

Տարիներ առաջ Ադրբեջանի սահմանը հատած անձը պնդում է, որ իրեն հետապնդում են. պատկան մարմինները հերքում են

168.am-ի խմբագրություն զանգահարած ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Եղիշե Գևորգյանը պնդում է, որ ինքը հիմնարկի վարչակազմի կողմից խոշտանգվում ու քաղաքական հետապնդման է ենթարկվում իր հայացքների համար: Թե ի՞նչ հայացքների մասին է խոսքը, դատապարտյալը չմանրամասնեց:

Իսկ այդ պնդումն անելու նրա հիմնավորումն այն էր, որ ինքն ունի անհապաղ բժշկական օգնության, վիրահատության կարիք, քանի որ ունի միզապարկի հետ կապված խնդիրներ, սակայն իրեն չեն ուղարկում վիրահատության:

«Ես գամված եմ հաշմանդամի սայլակին: «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից 2 ամիս առաջ իմ դիմումով դուրս եմ գրվել, որ փորձաքննություն անցնեմ: Դա էլ չի արվում»,- ասաց դատապարտյալը:

Վերջինս նշում է, որ Էջմիածնի հիվանդանոցում Ոսկանյան ազգանունով ուռոլոգն էլ է փաստել, որ ինքն ունի վիրահատության կարիք:

«Ես պատրաստ եմ իմ միջոցներով վիրահատվել, հոգալ իմ բուժման ծախսերը: 6-րդ դիմումն եմ գրել ՔԿՀ պետ Գերասիմ Գևորգյանին, բայց որևէ արձագանք չկա: Ահազանգել եմ նաև ՄԻՊ գրասենյակին»,- նշեց դատապարտյալը՝ հավելելով, որ հենց այս պահին ինքը հացադուլի դիմում է գրել:

Հիշեցնենք, որ Եղիշե Գևորգյանը դատապարտվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 329 հոդվածի հատկանիշներով:

Նրա ընտանիքը հայ-ադրբեջանական սահմանը հատել էր 2010 թվականի հունվարին «Երազ» ավտոմեքենայով՝ չենթարկվելով հայ սահմանապահների նախազգուշական հրահանգներին, ու ադրբեջանական կողմի կրակահերթի տակ՝ անցել էր Նախիջևանի տարածք:

Դեպքից հետո հաղորդվեց, որ Եղիշե Գևորգյանը նախկինում մի քանի անգամ դատապարտվել է, այդ թվում՝ կողոպուտի և ավտոմեքենաների գողության համար, հարուցվել էր քրեական գործ:

Ինքը՝ Եղիշե Գևորգյանը, մեզ հետ զրույցում պնդում էր, որ սահմանը հատել է այն պատճառով, որ իրեն թույլ չեն տվել ընտրության մասնակցել, իսկ ինքը պետք է ընտրեր Նիկոլ Փաշինյանին: Նշում է, որ դիմում է գրել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Ես այնտեղ փախստականի կարգավիճակ եմ ստացել, 5 տարի մնացել եմ Ադրբեջանում, և լավ իմանալով, որ այստեղ դատվելու եմ, հետ եմ վերադարձել Կարմիր Խաչի ու ՄԱԿ-ի միջամտությամբ»,- եզրափակեց Եղիշե Գևորգյանը:

Հատկանշական է, որ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից 168.am-ին տեղեկացրին, որ «Արմավիր» ՔԿՀ պետի անունով որևէ դիմում նշված դատապարտյալը չի գրել:

«Քրեակատարողական բժշկություն» ՊՈԱԿ-ից ևս տեղեկացրին, որ վերջին 2 ամիսների ընթացքում, ինչ Եղիշե Գևորգյանը գտնվում է Արմավիրում, նրանից իր առողջական վիճակի վերաբերյալ գանգատ ունենալու խնդրով որևէ դիմում չեն ստացել:

Գոհար Սավզյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս