«Հովհաննես Չամսարյանի համակարգիչն ու դրանում պարունակվող փաստաբանական գաղտնիքը պահպանվեցին». Երվանդ Վարոսյան
«Տեղեկացնեմ, որ փաստաբան Հովհաննես Չամսարյանի համակարգիչն ու դրանում պարունակվող փաստաբանական գաղտնիքը պահպանվեցին օրենքով սահմանված կարգով, բացառվեց որևէ միջամտություն փաստաբանի համակարգչին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով առավոտյան փաստաբան Շուշան Թադևոսյանի հայտարարությանը, թե քննիչը ցանկանում է առգրավել փաստաբան Հովհաննես Չամսարյանի համակարգիչը մի քրեական գործի շրջանակներում, որտեղ վերջինս հանդես է եկել՝ որպես վկաների ներկայացուցիչ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր 168.am-ը, փաստաբան Հովհաննես Չամսարյանի հետ զրույցից հետո, Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտի ներկայացուցիչները ներկայացել են իրենց փաստաբանական գրասենյակ ու դատարանի որոշմամբ ցանկանում են առգրավել իրենց համակարգիչները:
Դեպքի արթիվ հաղորդագրություններ էին տարածել ՄԻՊ-ն ու Փաստաբանների պալատը:
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ