Ընտրված քաղաքապետը պետք է ունենա «մարզի խոշոր ղեկավարի աջակցությունը»

168.am-ը Կապանի գործող քաղաքապետ Արտուր Աթայանի ներկայացրած ինքնաբացարկի դիմումի մասին փորձեց որոշ հարցերի պատասխաններ ստանալ Կապանի քաղաքապետի այլևս միակ թեկնածու, ՀՀԿ անդամ, «Հայփոստի» Կապանի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Հայրապետյանից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Կապանում տեղի են ունենալու Տեղական ինքնակառավարման ընտրություններ, որտեղ այս պահի դրությամբ մնացել է միայն մեկ թեկնածու, որին աջակցում է թե՛ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, թե՛ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը:

– Այսօր Կապանի գործող քաղաքապետ Արտուր Աթայանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Նա հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է ընտրապայքարի թշնամական մթնոլորտի մասին: Ինչպե՞ս կմեկնաբանեք Ա. Աթայանի հրաժարականը:

– Ես չեմ հասցրել ծանոթանալ հայտարարության տեքստին, մանրամասներին ծանոթ չեմ, բայց ես, իհարկե, ունեմ իմ մեկնաբանությունը և կարծում եմ, որ պարոն Աթայանը ճիշտ քայլ է կատարել: Ինքը, հավանաբար, կարևորել է մեր քաղաքի հասարակության միասնությունը, կարծիքը, դիրքորոշումը և չի փորձել պառակտել: Հավանաբար, դա դժվար որոշում է եղել իր համար: Լսել եմ, որ հայտարարության մեջ կա ինչ-որ լարվածության, ճնշումների մասին, բայց ես վստահ ասում եմ, որ նման բաներ բացառում եմ:

Կարդացեք նաև

– Բայց Դուք ասում էիք, թե ծանոթ չեք պարոն Աթայանի հայտարարությանը:

– Ես ասացի՝ լսել եմ, չեմ հասցրել ինքս ծանոթանալ: Հեռախոսով մի երկու բառ կարդացել են, լսել եմ:

– Հայտարարության մեջ հստակ նշվում է, որ քաղաքում ընտրապայքարի մթնոլորտը թշնամական է:

– Ասեմ, որ իմ ընտրական շտաբն էլ ունենալու է իր հայտարարությունը, և դրա պատճենը կարող եմ տրամադրել Ձեզ, բայց ասեմ, որ, ամեն դեպքում, որևէ ճնշում, թշնամանք իմ և իմ ընտրական շտաբի կողմից չի եղել, և մենք առհասարակ կոչ ենք արել՝ քաղաքակիրթ ընտրություններ անցկացնել-վարել: Ես իմ ելույթների ժամանակ շեշտել եմ դա:

– Օրեր առաջ Կապանում խոսակցություններ էին շրջանառվում, որ մարզպետ Սուրեն Խաչատրյանն իր մոտ է կանչել տեղացի ձեռներեցներին և պարտադրել, որ քվեարկեն Ձեր թեկնածության օգտին: Այդ մասին հրապարակվել է նաև մամուլում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս լուրերը, երբ մարզպետի կողմից ուղիղ ճնշումներ են եղել նրանց վրա: Մի՞թե դա լուրջ պատճառ չէր հրաժարականի համար:

– Դուք ասում եք՝ խոսակցություններ են եղել: Նման ինֆորմացիա չունեմ: Մենք ունեցել ենք զուտ հանդիպումներ մեր ընտրարշավի ժամանակ` մտավորականների, գործարարների, երիտասարդների հետ, և մեր հանդիպումների ժամանակ ներկա է եղել նաև մարզպետը, և նման խոսքեր չեն հնչել: Իսկ թե ո՞վ է տարածում այդ լուրերը՝ չեմ կարող ասել: Կարո՞ղ եք մեկ աղբյուր նշել:

Մամուլը ևս գրել է այդ մասին:

– Իսկ գրվե՞ց, թե ով է այդ մասին խոսում: Մեկ մարդու անուն նշվե՞լ է:

– Պարոն Հայրապետյան, Ըստ Ձեզ` մարդիկ կարո՞ղ են անուններ նշել, եթե մարզում տիրում է վախի մթնոլորտ:

– Գիտե՞ք ինչ, ինչ վերաբերում է վախի մթնոլորտին, մենք էլ ենք էդ մթնոլորտում ապրում, և ես չեմ գտնում, թե վախի մթնոլորտ կա:

– Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում ընտրությունների ընթացքը, երբ քաղաքում մնացել է միայն մեկ թեկնածու, այսինքն` Դուք:

– Համոզված եմ, որ օրենքներին ծանոթ եք, և ըստ գործող օրենքի` մեկ թեկնածուով ընտրություններ լինում է` ձայների 50% +1 ձայն պետք է տրված լինի թեկնածուի օգտին, որ ընտրվի թեկնածուն:

– Դուք զանգահարե՞լ եք Ա. Աթայանին, փորձե՞լ եք ճշտել, թե ինչո՞ւ է նա ինքնաբացարկի դիմում ներկայացրել:

– Չէ՛, չեմ զանգել:

– Եվ չե՞ք պատրաստվում զանգահարել նրան:

– Կարծում եմ` եթե պարոն Աթայանն ունի հայտարարություն, ես հիմքեր չունեմ չհավատալու: Ես տեղեկացա նաև, որ տեղի է ունեցել ընտրական հանձնաժողովի նիստը, և նրա ինքնաբացարկի դիմումն ընդունվել է:

– Իսկ շարունակելո՞ւ եք Ձեր նախընտրական հանդիպումները:

– Այո, իհա՛րկե, իմ հանդիպումները պայմանավորված չէին միայն նրանով, որ ես ունեմ նաև հակառակորդ: Ես անպայման ունենալու եմ իմ գրաֆիկով, ծրագրով նախատեսված հանդիպումները, հանդիպելու եմ իմ ընտրողների հետ, ներկայացնելու եմ, ծանոթացնելու եմ իմ ծրագրերին:

– Եվ Ձեզ համար խոչընդո՞տ չէ այն, որ ընտրվելու դեպքում լինելու եք մարզպետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի քաղաքապետը: Այսինքն` լինելու եք ոչ ինքնուրույն քաղաքապետ և կորցնելու եք Ձեր ինքնուրույնությունը:

– Ոչ, ես նույնիսկ հակառակը կասեի: Գիտե՞ք` ոնց, եթե Դուք ենթադրում եք տարբերակ, որ ընտրված քաղաքապետը չունենա մարզպետի աջակցությունը, չունենա մարզում խոշոր ղեկավարի աջակցությունը, և փորձի իրականացնել իր ծրագրերը, կյանքի կոչել այդ ամենը` չունենալով լուրջ ֆինանսական միջոցներ, և միայն անի սեփական բյուջեի հաշվին` այդ ամենն անհնարին է անել:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս