Բաժիններ՝

Մերաբ Քալաշովի ծեծի գործով քննությունը կասեցված է. ՀՔԾ-ում «չեն գտնում» այն անձին, ում կարող են ներգրավել որպես մեղադրյալ

Դեռևս շուրջ 5 ամիս առաջ 168.am-ը գրել էր այն մասին, որ ՀՀ ԱՆ «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, Ֆրանսիայի իրավապահների կողմից հետախուզվող, այսպես ասած, «օրենքով գող» Մերաբ Քալաշովին արտահանձնել են Ֆրանսիա՝ վերջինիս պաշտպան Արմեն Մելքոնյանի խոսքով՝ «առանց հիմքի, ապօրինի, պատվերով բերել են ոստիկանության գծային բաժին և ուզում են տեղափոխել Ֆրանսիա»:

Պաշտպանը նաև ասել էր, որ իրեն տևական ժամանակ Ոստիկանության օդանավակայանի գծային բաժնում թույլ չեն տվել տեսակցել իր պաշտպանյալին, ապա հավելել էր.

«Ես պատրաստ եմ ենթարկվել զննման, և թույլ չեն տալիս ինձ տեսակցել, ովքեր առաջացրել են այս հարցը, պատասխան են տալու: Իմ պաշտպանյալն Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից ծեծի է ենթարկվել, երեք ժամ բժիշկ չեն կանչել՝ մինչև իմ կողմից հարցը բազմաթիվ անգամ չբարձրաձայնելը: Նա ոտքի մատի կոտրվածք ունի և իրեն ծեծի ենթարկողներին ճանաչում է»։

168.am-ի հետ զրույցում Արմեն Մելքոնյանն ասել էր.« Ես երեկ ժամը 5-ից իմ պաշտպանյալին էի որոնում քրեակատարողական տարբեր հիմնարկներում, որին փախցրել-տարել էին, ու մենք տեղեկություն չունեինք նրանից։ Վերջապես գտա «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում՝ ծեծված-ջարդված, բազմաթիվ վնասվածքներով։

Ահազանգել եմ ոստիկանություն, բայց այդպես էլ որևիցե մեկը չեկավ, չֆիքսեց։ Ոտքը կոտրած, մատը կոտրած, գլխին՝ վնասվածքներ, մեջքին, ոտքերին։ Լավ է, ֆրանսիական կողմը ֆիքսեց դրանք»,- նշեց Արմեն Մելքոնյանը՝ հավելելով, որ փոխանակ նորմալ բժիշկ հրավիրեն, ռենտգեն անեն, նյութեր նախապատրաստեն, մնացին «ձայն բարբառոյ յանապատի»։

Հիշեցնենք, որ խոսքը 2019թ. հուլիսի 4-ին տեղի ունեցած դեպքի մասին է:

Փորձեցինք Հատուկ քննչական ծառայությունից հասկանալ, թե գործի նախաքննությունն ի՞նչ փուլում է գտնվում:

«Քրեական գործը կասեցվել է՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի ինքնությունը պարզված չլինելու հիմքով»,- տեղեկացրին ՀՔԾ-ից:

Մերաբ Քալաշովի պաշտպան Արմեն Մելքոնյանին հարցրինք, թե ինչպե՞ս կմեկնաբանի այն փաստը, որ ՀՔԾ-ում իր պաշտպանյալի ծեծի գործը կասեցված է:

«Ես նման որոշում չեմ ստացել, չեմ կարդացել, հետևաբար՝ որևէ մեկնաբանություն տալ չեմ կարող»,- ասաց Արմեն Մելքոնյանը:

Արմեն Մելքոնյանին տեղեկացրինք, թե ինչ հիմքով է գործը կասեցված ՀՔԾ-ում: Վերջինս նկատեց, որ փաստորեն կատարված գործողությունների արդյունքում չի հայտմաբերվել այն անձը, ով պիտի ներգրավվի որպես մեղադրյալ:

Հարցին, թե իր համար տարօրինակ չէ՞ արդյոք այն հանգամանքը, որ ամիսներ անց այդ անձը պարզված չէ:

«Հանրապետությունում կան բազմաթիվ քրեական գործեր, որոնցով հանցագործություն կատարած անձը պարզված չէ: Իհարկե, շատ ցանկալի կլիներ, որ պարզված լիներ, սակայն ես չէ, որ այդ գնահատականը պետք է տամ»,- ասաց Մերաբ Քալաշովի պաշտպան Արմեն Մելքոնյանը:

Իհարկե, գործն այս պահի դրությամբ ոչ թե կարճված, այլ կասեցված է. բնականաբար, այստեղ ինստիտուտների տարբերություն կա, սակայն գրեթե վստահ ենք, որ որոշ ժամանակ անց խոշտանգման այս գործը կկարճվի, քանի որ եթե դեպքից 4.5 ամիս անց, երբ հայտնի են այն անձինք, ովքեր Մերաբ Քալաշովին ՔԿՀ-ից բերել են օդանավակայան, իսկ Քալաշովն էլ իրեն ծեծողներին, ինչպես իր պաշտպանն է ասում, դեմքով ճանաչում է, ՀՔԾ-ում դեռ չեն գտել այն անձին, ում կարող են որպես մեղադրյալ ներգրավել այս գործում, ապա սրանից հետո դժվար էլ «գտնեն»:

Մնում է հուսալ, որ գոնե պաշտպանը հետևողական կլինի այս հարցում:

Գոհար Սավզյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս