ԿԳՄՍ նախարարը մասնակցել է Արևելյան գործընկերության «Սովորելու և սովորեցնելու ապագան» քննարկումներին
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը մասնակցել են Արևելյան գործընկերության «Սովորելու և սովորեցնելու ապագան» կրթության ոլորտին նվիրված քննարկումներին: «20 արդյունք 2020թ. համար և համագործակցության ապագան կրթության ոլորտում», «Ուսուցիչների դերը երիտասարդներին ապագա հասարակության և աշխատանքի համար պատրաստելու գործում» խորագրերը կրող նախարարական հանդիպումների ընթացքում քննարկվել են այն հիմնական միտումները, որոնք էական ազդեցություն ունեն կրթական գործընթացում: Դրանք են գլոբալիզացիան, ժողովրդագրական մարտահրավերներն ու միգրացիան, թվայնացումը, տեխնոլոգիաների և արհեստական բանականության զարգացումը, կլիմայական փոփոխությունները, ներառականությունը, ուսուցիչների դերի արժևորումը: Նախարարական հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև այնպիսի հարցեր, ինչպիսին են Արևելյան գործընկերության երկրներում կրթության միջազգայնացման և բարեփոխումների խթանման ուղիները:
Նախարար Արայիկ Հարությունյանը կարևորել է Արևելյան գործընկերության շրջանակում ԵՄ-ի հետ համագործակցությունը և նշել, որ այժմ կրթության հիմնական խնդիրներն են` երկրի տնտեսության զարգացման գործում ներդրում ունենալու պատրաստ աշխատուժի ստեղծումը և տեխնոլոգիաների ներգրավմամբ զարգացման ապահովումը:
Նախարարը խոսել է Հայաստանում սկսված բարեփոխումների գործընթացի մասին` մասնավորապես նշելով հանրակրթական չափորոշիչների փոփոխության, միջին մասնագիտական կրթության ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման, ինչպես նաև կրթության միջազգայնացման ու շարժունության ոլորտում իրականացվող քայլերը: Նախարարը հատուկ ընդգծել է կրթության ոլորտում թվային տեխնոլոգիաների ներդրման կարևորությունը` հաշվի առնելով, որ 21-րդ դարի աշակերտին հետաքրքրելու համար կրթությունը պետք է 21-րդ դարի պահանջներին համապատասխան լինի: