Բաժիններ՝

ՄԱԳԱՏԷ-ում առայժմ չեն ստացել Իրանի պարզաբանումը ուրանի հայտնաբերված մասնիկների վերաբերյալ

Իրանն առայժմ ՄԱԳԱՏԷ-ին լրացուցիչ տեղեկատվություն չի տրամադրել այն վայրում ուրանի հայտնաբերված մասնիկների վերաբերյալ, որը հայտարարված չի եղել գործակալությանը: Այդ մասին ասել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Քոռնել Ֆերուցեն:

Ֆերուցեն նոյեմբերի 7-ին ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդին հայտնել էր, որ կազմակերպության ներկայացուցիչները մարդածին ծագման բնական ուրանի մասնիկներ են հայտնաբերել Իրանի այն օբյեկտում, որի մասին ավելի վաղ չէր հաղորդվել:

«Այդ պահից մենք շարունակում ենք կոնսուլտացիաներն Իրանի հետ, բայց ոչ մի լրացուցիչ տեղեկատվություն չենք ստացել, եւ հարցը մնում է չպարզաբանված: Գործակալության եւ Իրանի հանդիպումը հետագա քննարկման համար պլանավորված է հաջորդ շաբաթ Թեհրանում: Կարեւոր է, որ Իրանը համագործակցի գործակալության հետ՝ այդ հարցի արագ լուծման համար»,- ասել է Ֆերուցեն՝ ելույթ ունենալով ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի առջեւ:

Նոյեմբերի 18-ին գլխավոր տնօրենի պաշտոնակատարը նաեւ գործակալության կառավարիչների խորհրդին տեղեկացրել էր, որ Իրանը գերազանցել է ծանր ջրի պաշարների՝ 130 տոննա սահմանաքանակը, որը սահմանվել էր միջուկային գործարքով: Նոյեմբերի 21-ին կայացած նիստում Ֆերուցեն հայտնել է, որ գործակալությունը կշարունակի կառավարիչների խորհրդին իրազեկել գործարքի շրջանակում Իրանի կողմից իր պարտավորությունների կատարման մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս