Բաժիններ՝

Google-ը կխստացնի քաղաքական գովազդի զետեղման կանոնները

Google ընկերությունը պլանավորում է խստացնել այն կանոնները, որոնք վերաբերում են քաղաքական գովազդ զետեղելուն: Այդ մասին ասված է նոյեմբերի 20-ին նրա կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Ինչպես պարզաբանել են Google-ի ներկայացուցիչները, նա մտադիր է միջոցներ ձեռնարկել իր հարթակներում զետեղված «քաղաքական գովազդի նկատմամբ ընտրողների վստահությունն ամրապնդելու» համար: Խոսքն այն հայտարարությունների մասին է, որոնք ցուցադրվում են Google որոնողական ծառայությունում եւ ընկերությանը պատկանող YouTube պորտալում, ինչպես նաեւ զետեղվում են առանձին կայքերում:

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Google-ը սահմանափակում է քարոզչական նյութերի թիրախավորման հնարավորություններն օգտատերերի առանձին խմբերի համար: Ընկերության ներկայացուցիչները նշում են, որ քաղաքական գովազդը կարելի կլինի ուղղորդել միայն հետեւյալ հատկանիշներով՝ օգտատերերի տարիքը, նրանց սեռը, ինչպես նաեւ գտնվելու վայրը:

Նոր կանոնները Մեծ Բրիտանիայում ուժի մեջ կմտնեն շաբաթվա ընթացքում, Եվրամիության մեջ մտնող մյուս երկրներում՝ մինչեւ ընթացիկ տարվա վերջը: Google-ը նշված նորմերն ամբողջ աշխարհում կիրառելու է 2020 թվականի հունվարի 6-ից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս