«Ժողովրդավարությունը մեզ համար այլ երկրից Հայաստան ներմուծված կամ բերված չէ». Նիկոլ Փաշինյան
Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը տնտեսական ինտեգրման գործընթացի մեջ է Եվրասիական տնտեսական միության հետ, սակայն Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի շրջանակներում սերտորեն համագործակցում է Եվրամիության հետ, ինչը Հայաստանում ժողովրդավարությունն ավելի ուժեղ դարձնելու փոխադարձ օրակարգ է։
«Ես ցանկանում եմ ընդգծել, որ ժողովրդավարությունը մեզ համար այլ երկրից Հայաստան ներմուծված կամ բերված չէ։ Շատ կարևոր է հասկանալ, որ ժողովրդավարությունը մեր ժողովրդի մտքի մեջ է, ժողովրդավարությունը մեր ազգային արժեքն է։ Դա ցույց տրվեց, երբ 100 հազարավոր մարդիկ ոտքի կանգնեցին հանուն ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, Հայաստանում ռեալ ժողովրդավարություն հաստատելու համար»,- ասաց Փաշինյանը։
Նա հավելել է, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն ամբողջովին ներքին գործընթացների արդյունք էր, օտարերկրյա որևէ ուժ ներգրավված չի եղել դրանում։ Ն. Փաշինյանի խոսքով՝ դա ամենակարևոր պատճառն էր, որ հնարավոր եղավ հեղափոխությունն իրականացնել խաղաղ ճանապարհով՝ առանց բռնության և զոհերի։