Բաժիններ՝

ՀՀ ԱԺ պատգամավորը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները

ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Մերի Գալստյանը նոյեմբերի 20-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադային: Ինչպես հաղորդում են ԱԺ պաշտոնական կայքից՝ զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը, քննարկել են միջխորհրդարանական համագործակցության հեռանկարներն ու տեսլականը, անդրադարձել համագործակցության ընդլայնման ուղղությամբ տարվող քայլերին:

Մերի Գալստյանը կարեւորել է Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ երկկողմ հարաբերությունների օրակարգում միջխորհրդարանական համագործակցության նշանակությունը եւ այդ համատեքստում՝ երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի փոխգործակցության զարգացումը: Պատգամավորն իր երախտագիտությունն է հայտնել դեսպան Յամադային երկկողմ հարաբերությունների խորացման գործում ունեցած ներդրման, Ճապոնիայի կողմից տարբեր ոլորտներում ցուցաբերած օժանդակության եւ իրականացված ծրագրերի համար:

Ջուն Յամադան գոհունակությամբ նշել է, որ հայ-ճապոնական փոխգործակցությունը տարբեր բնագավառներում զարգանում է:

Զրուցակիցները հեռանկարային են համարել համագործակցության խթանումը եւ փորձի փոխանակումը տարբեր թիրախային, մասնավորապես՝ շրջակա միջավայրի պահպանության, թափոնների կառավարման եւ վերամշակման, նորարական տեխնոլոգիաների ոլորտներում: Նաեւ կարեւորվել է մշակութային երկխոսության խորացումը երկու բարեկամ ժողովուրդների միջեւ:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ակտիվացնել միջխորհրդարանական կապերը բարեկամական խմբերի, փոխադարձ այցերի, թիրախային ոլորտներում իրականացվող ծրագրերի միջոցով, ինչը կնպաստի երկկողմ կապերի առավել ամրապնդմանը եւ հետագա զարգացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս