Արցախում տեղի է ունեցել ՊԲ ռազմական խորհրդի նիստ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի նախագահությամբ նոյեմբերի 20-ին անցկացվել է ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ՝ «Միավորումների, զորամասերի և ստորաբաժանումների կիրառման եղանակների արդյունավետությունը, դրանց համապատասխանությունը մարտական կանոնադրությունների պահանջներին և զարգացման ուղիները: Կառավարման համակարգերի վիճակը, պրոբլեմային հարցերն ու զարգացման ուղիները» թեմայով:
Խորհրդի նիստին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ոլորտային ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները, նշված օղակների համապատասխան պաշտոնատար անձինք:
Բանակի հրամանատարի ներածական խոսքից հետո, որի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային մարտահրավերներին և դրանց դիմագրավելու հարցում կարևորվել օրակարգային հարցերի համալիրը, համապատասխան ոլորտների պատասխանատուները ներկայացրել են զեկույցներ, որոնք վերաբերվում էին կառավարման մարմինների, կապի և ավտոմատ կառավարման համակարգերի վիճակին, հրետանային ու ինժեներական ստորաբաժանումների կիրառման եղանակների արդյունավետությանը և հարակից այլ բնագավառների:
Զեկույցներն ու ելույթները ընդմիջվել են քննարկումներով, որոնց մասնակցելու և սեփական կարծիքները արտահայտելու հնարավորություն է տրվել ներկա սպայակազմի բոլոր ներկայացուցիչներին:
Ամփոփելով ռազմական խորհրդի արդյունքները՝ գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը քննարկված թեմաների վերաբերյալ ցուցումներ է տվել ներկաներին և հանձնարարել հետագա ծառայության կազմակերպման ժամանակ, բացի արդեն իսկ գործող ղեկավար փաստաթղթերից, առաջնորդվել նաև ռազմական խորհրդի որոշման դրույթներով: