Իրանի կառավարությունը հաղթանակ է տարել անկարգությունների նկատմամբ. Ալի Խամենեի
Իրանի կառավարությունը հաղթանակ է տարել անկարգությունների նկատմամբ, որոնք երկրում տեղի են ունեցել վառելիքի գների բարձրացման վերաբերյալ նախարարների կաբինետի որոշումից հետո: Այդ մասին, ինչպես նոյեմբերի 20-ին հայտնել է Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, հայտարարել է Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։
Նրա խոսքով՝ «կառավարությունը հաղթանակ է տարել անկարգությունների նկատմամբ, որոնք հրահրել էին օտարերկրացիները»: Խամենեին նշել է, որ իրանցիներին «հաջողվեց հաղթահարել վերջին օրերի դժվարությունները, չնայած տնտեսական խնդիրներին, որոնք ներկայում առկա են երկրում»:
«Անկարգությունները, որոնք ուղեկցում էին բողոքի ակցիաներին, տեղի էին ունենում տարածաշրջանի ռեակցիոն երկրների, Միացյալ Նահանգների աջակցությամբ»,-հավելել է նա: Դրա հետ մեկտեղ, ինչպես նշել է Խամենեին, իրանական ժողովուրդը «թույլ չտվեց, որ Իրանի թշնամիները օգտվեն վառելիքի գների բարձրացման հետ կապված ոչ դյուրին իրադրությունից»:
Իրանի հոգեւոր առաջնորդը նաեւ ասել է, որ «բենզինի գների բարձրացման որոշումը միտված է ինքնաապահովման եւ սոցիալական արդարության հասնելուն», հաղորդել է ՏԱՍՍ-ը: