«Եթե Սասուն Միքայելյանը երաշխավորություն է ներկայացրել Նորատուսցի Ալիկի համար, դա դեռ չի նշանակում, որ նա խրախուսում է այդ երևույթը». «իմքայլական» պատգամավոր
Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ այսօր լրագրողներն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանից հետաքրքվեցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ իրենց խմբակցությունը պայքարում է քրեական աշխարհի ներկայացուցիչների դեմ, իսկ իրենց խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը քրեական հեղինակություն, կալանքի տակ գտնվող՝ Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի համար անձնական երաշխավորություն է ներկայացնում:
Ի պատասխան՝ Սուրեն Գրիգորյանը հիշեցրեց, որ իրենց խմբակցությունից Սիսակ Գաբրիելյանն էլ երաշխավորություն է ներկայացրել Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոխելու համար։
Լրագրողի դիտարկմանը, որ Արսեն Բաբայանը քրեական հեղինակություն չէ, Սուրեն Գրիգորյանն ասաց. «Ես չեմ ասում, որ պարոն Բաբայանը քրեական հեղինակություն է, այս առումով չեմ համեմատում: Խոսքն այլ բանի մասին է՝ ցանկացած անձ, ինքը քրեական հեղինակությո՞ւն է, կատարե՞լ է հանցագործություն, թե՞ չի կատարել, քաղաքացի է, ում ազատությունը պետք է սահմանափակվի բացառապես օրենքով նախատեսված դեպքերում: Եթե պարոն Միքայելյանը գտել է, որ անգամ քրեական հեղինակություն լինող անձի ազատազրկման հիմքեր չկան, և քննության նպատակներից չի բխում, որ կոնկրետ անձը պետք է գտնվի անազատության մեջ, և երաշխավորագիր է ներկայացրել, սա պետք չէ երբեք դիտարկել, որ նա խրախուսում է այդ երևույթը»:
ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ