Կառավարության արձագանքից է կախված՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը 2020թ. բյուջեի նախագծին կո՞ղմ, թե՞ դեմ կքվեարկի
Երեկ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ քվեարկեց։
Նշենք, որ նախագծով նախատեսվում է, որ քրեական գործերով ամբողջական քննություն իրականացնելու նպատակով քննչական մարմինները հասանելիություն կունենան նաև երրորդ անձի բանկային գաղտնիքի նկատմամբ՝ նրա նկատմամբ իրականացնելով նաև խուզարկություն և առգրավում։
ԼՀԿ-ական պատգամավոր Արկադի Խաչատրյանը նախագծով առաջարկվող այս դրույթը համարում է խիստ մտահոգիչ, որովհետև հարց է առաջանում՝ նման գործողություն իրականացնելուց հետո արդյո՞ք մարդիկ պարզապես չեն հանի բանկերից իրենց գումարները՝ անկանխիկից անցում կատարելով կանխիկ եղանակի։
«Օրենքի նպատակն այն է, որ այն մարդիկ, որոնք քրեական գործով չեն անցնում, քննչական մարմիններն ունենան հասանելիություն։ Նախագիծը ներկայացված խմբագրությամբ տալիս է հնարավորություն երրորդ անձի նկատմամբ իրականացնել խուզարկություն, առգրավում, բայց բոլորի համար էլ հասկանալի է, որ դրա արդյունքում այդ նույն իրավապահ մարմիններին կարող են հասանելի դառնալ առևտրային գաղտնիք կամ այնպիսի տեղեկատվություն, որը դուրս է տվյալ քրգործի սահմաններից»,- ասաց Խաչատրյանը։
Ա. Խաչատրյանն առանձնացրեց նաև «Դեղերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որով Կառավարությունը բացառիկ իրավասություն է ստանում դեղատոմսով դուրս գրվող դեղերը գովազդելու համար, ինչն արգելված է օրենքով՝ մասնավոր սուբյեկտների համար։
«Համարում ենք, որ այս դրույթը հակամրցակցային է, որի ուժով էլ մենք դեմ քվեարկեցինք այս նախագծին»,- ասաց Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է քրեական աշխարհին վերաբերող օրինագծին՝ ապա Խաչատրյանը նշեց, որ օրենքում առկա են ոչ հստակ իրավական ձևակերպումներ, ինչի հետևանքով իրենք ձեռնպահ են քվեարկել։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը խոսեց նաև 2020 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ իրենց խմբակցության դիրքորոշման մասին՝ ընդգծելով, որ նախագծի վերաբերյալ ներկայացրել են 150 առաջարկ։
«Մենք բազմաթիվ առաջարկներ ենք արել, քվեարկության վերաբերյալ դեռևս վերջնական որոշում չունենք. դա կլինի Կառավարության արձագանքից հետո»,- ասաց Արկադի Խաչատրյանը։
ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ