Իրանում իրավիճակը լարված է. Ինչպես պետք է դիրքավորվի Հայաստանը

«Իրանում սոցիալ-տնտեսական մի շարք խնդիրների կուտակումը հանգեցրեց բենզինի թանկացման դեմ դժգոհության պոռթկման»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց իրանցի վերլուծաբան Ալի Սալամին՝ անդրադառնալով Իրանում ստեղծված իրավիճակին:

Հիշեցնենք, որ Իրանում նոյեմբերի 15-ից ուժի մեջ է մտել կառավարական որոշումը բենզինի կրկնակի թանկացման վերաբերյալ: Ըստ այդմ՝ բենզինի գինը մեկ լիտրի համար դարձել է 30.000 ռիալ (0.2 դոլար)` նախկին 15.000 ռիալի (0.009) փոխարեն, բացառությամբ յուրաքանչյուր անձին հասանելիք՝ ամսական 60, իսկ տաքսու վարորդների դեպքում` 400 լիտրը, որը պետք է վաճառվի նախկին՝ 15.000 ռիալով։ Ըստ պաշտանական տեսակետի՝ այս որոշումն ընդունվել է աղքատ քաղաքացիների համար. խոստանում են, որ խնայված գումարներն ուղղվելու են կարիքավորների աջակցմանը: Իրանի նախագահ Ռուհանին նշել է, որ աղքատներին աջակցելու համար կար ևս երեք տարբերակ՝ ավելացնել հարկերը, շատացնել նավթի արտահանումը, կամ վերացնել սուբսիդավորումները: Որոշման ընդունումից հետո բողոքի ալիք է բարձրացել տասնյակ քաղաքներում:

Ալի Սալամին ասաց, որ սա զուտ սոցիալական բնույթի բողոքի ալիք է, որին իշխանություններն ընդառաջ գալով՝ փորձում են լուծումներ գտնել: Ըստ նրա՝ Իրանում լուրջ դժգոհություններ կային մինչ այս որոշումը ևս, և, փաստորեն, բենզինի թանկացումը հասարակության մի մասի համար դարձավ իսկապես խնդրահարույց, որը շատերին դուրս բերեց փողոց: Սակայն, վերլուծաբանի գնահատմամբ՝ հասարակության մեծամասնության մասին խոսել ամենևին չի հաջողվի, բայց իշխանությունը պետք է ականջալուր լինի այս բողոքներին և զբաղվի երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակով:

«Ակնհայտ է, որ Կառավարությունը կփորձի այս իրավիճակը հարթել ինչ-որ տեղային բնույթի որոշմամբ: Սակայն սա պետք է ազդանշան լինի, որպեսզի իշխանությունները մտածեն՝ լուծելու բոլոր այն սոցիալ-տնտեսական բնույթի խնդիրները, որոնք կուտակվել են երկրում վերջին մի քանի տարիների ընթացքում: Եթե արմատական որոշումներ չկայացվեն, իշխանության հեղինակությունը կվնասվի էականորեն, և այս դժգոհության ալիքը կտարածվի այլ ոլորտների վրա՝ դնելով շատ ավելի արմատական պահանջներ»,- ասաց փորձագետը:

Նրա խոսքով՝ իշխանությունը պետք է խուսափի դրանից՝ հաշվի առնելով նաև Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները և Իրանի խոցելիությունն արտաքին աշխարհի առջև:

Ըստ նրա, այս դեպքում Իրանի բարեկամ երկրները, հարևաններն առանձնահատուկ դիրքավորումների կարիք չունեն:

«Բնականաբար, տարածաշրջանային յուրաքանչյուր երկրում անկայունությունն ուշադրության է արժանի բոլոր երկրների կողմից: Թե՛ Հայաստանի, և թե՛ Իրանի դեպքում կարևոր է միմյանց հետ խորը առևտրատնտեսական կապերի հաստատումը, որը կբխի երկու երկրների շահերից, ինչին դեմ չէ Միացյալ Նահանգները: Ե՛վ Իրանը, և՛ Հայաստանն այնպիսի խնդիրներ ունեն, որոնց ազդեցությունը կմեղմվի միմյանց հետ ավելի սերտ հարևանության քաղաքականության միջոցով: Կարծում եմ՝ մեր դիրքավորումը միմյանց նկատմամբ պետք է լինի իրար հետ առարկայական, արդյունավետ աշխատելու տեսքով: Սրան պետք է նպաստի այն ժամանակավոր պայմանագիրը, որը գործում է Իրանի, Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև, պետք է շարունակենք հետևել, թե որքանով է այս համագործակցությունը լինելու արդյունավետ գործիք՝ ուղղված առևտրատնտեսական կապերն ակտիվացնելուն:  Կարծում եմ՝ սպասելիքներ կան, բայց կասկածներ էլ կան արդյունքների հարցում»,- ասաց վերլուծաբանը:

Հիշեցնենք, որ այս օրերին իրավիճակն անկայուն է նաև Հայաստանի հարևան Վրաստանում, որտեղ հասարակությունը պահանջում է իշխանությունից արտահերթ ընտրություններ և անցում 100 տոկոս համամասնական ընտրակարգին:

Տեսանյութեր

Լրահոս