Մեքենայից գողություն արած անձինք հայտնաբերվել ու բերման են ենթարկվել
Նոյեմբերի 16-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կոտրել են Շիրազի փողոցում կայանված «Միցուբիշի» մակնիշի մեքենայի ապակին և գողություն արել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ գողացել են վարորդի վերարկուն և նրա հարսնացուի պայուսակը, որի մեջ եղել էր 5.000 ռուբլի, 160.000 դրամ և անձնագիրը:
Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեց: Առաջ քաշվեցին և ստուգվեցին տարբեր վարկածներ. ձեռք բերված տեղեկությունների և փաստերի համադրությունը հուշում էր, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Գուլակյան փողոցի 24-ամյա մի բնակիչ: Նույն օրը, ժամը 9-ի սահմաններում, կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին:
Ավելի ուշ ոստիկանները պարզեցին, որ նա մենակ չի գործել: Գողությունը կատարել էր Մազմանյան փողոցի 34-ամյա մի բնակչի հետ, որին քրեական հետախույզները ժամեր անց նույնպես բերման ենթարկեցին:
Նրանք խոստովանել են կատարածը:
Հանգամանքները պարզվում են:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Հետաքննությունը շարունակվում է:a